ԱՄՆ-ն Թուրքիայից կտարհանի իր զինվորականների և դիվանագետների ընտանիքները

ԱՄՆ-ն Թուրքիայից կտարհանի իր զինվորականների և դիվանագետների ընտանիքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայի որոշ շրջաններից տարհանել իր քաղաքացիներին: Շուտով Թուրքիայից դուրս կբերվեն Ինջիրլիքի ռազմաբազայի հարակից տարածքներում բնակվող ամերիկացի զինվորականների և Ադանայի ամերիկյան հյուպատոսարանի դիվանագետների ընտանիքները, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Նրանց ուղևորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիայից դուրս բերման ենթակա ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը հասնում է մոտ 900-ի: Նաև նշվում է, որ տարհանման մասին որոշումն առայժմ չի վերաբերում Թուրքիայի այլ տարածքներում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացիներին, գրում է Panorama.am-ը:

Ընդգծվում է այն հանգամանքը, որ թեև դիվանագետների ընտանիքները կտարհանվեն, բայց Ադանայի ամերիկյան հյուպատոսարանը կշարունակի գործել: Սա հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը և Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները թեմայի առնչությամբ հայտարարել են, որ տարհանման որոշումը որևէ նոր իրադրությամբ պայմանավորված չէ և միայն պրոֆիլակտիկ բնույթ ունի:

Օգոստոսի 10-ին երկու անհայտ անձ կրակ է բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի ուղղությամբ: Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա տեղափոխված F-16 կործանիչներն օգոստոսի 12-ին առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:

Ավիաբազայում ծառայում է մոտ 1800 ԱՄՆ զինորական:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---