18 հոկտեմբերի 2006 - 20:05 AMT
Հայաստանը միշտ զգացել է Ֆրանսիայի եւ նրա ժողովրդի աջակցությունը
Ելույթ ունենալով Փարիզում Հայաստանի պատվիրակության պատվին կազմակերպված ընդունելությանը, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ անձամբ իր եւ Հայաստանի պատվիրակության համար, որի մեծ մասը ՀՀ խորհրդարանի անդամներ են, մեծ պատիվ է հյուրընկալվել հարուստ պատմություն եւ ամուր ավանդույթներ ունեցող ֆրանսիական խորհրդարանի կամարների ներքո: ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ պատվիրակությունը Փարիզ է ժամանել մասնակցելու Ֆրանսիայում Հայաստանի տարվա մեկնարկին, որի կարեւոր միջոցառումներից մեկն արդեն իսկ կայացել է Սենատում, ինչպես նաեւ Գարնիե Օպերային թատրոնում կայանալիք հանդիսավոր արարողությանը նվիրված Հայաստանի Հանրապետության
անկախության 15-ամյակին:

«Վերջին շրջանում մենք հաճախ ենք առիթներ ունենում խոսելու մեր բարեկամության մասին: Եվ դրանք ձեւական խոսքեր չեն, այլ` լի են բովանդակությամբ, որ դրսեւորվում է կյանքի բոլոր ոլորտներում: Հայ-ֆրանսիական կապերը գալիս են դարերի խորքից եւ այսօր առավել ակտիվ են ու բազմազան:

Մեր ժողովուրդներն այսօր գրում են մեր բարեկամության ամենավառ էջերը: Մի քանի շաբաթ առաջ պետական այցով Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը: Հայ ժողովուրդը ջերմորեն ողջունեց նախագահ Շիրակին, որի այցը մենք դիտարկում ենք որպես գնահատանք Հայաստանի Հանրապետության անցած 15-ամյա ջանքերին` դեպի իրավական պետություն, զարգացած ժողովրդավարություն եւ ազատ տնտեսական համակարգ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ այդ ճանապարհին մշտապես ունեցել է Ֆրանսիայի եւ նրա ժողովրդի սատարումը: Նրա խոսքերով, այսօր եւս, ըստ նրա, Ֆրանսիան աջակցում է եվրոպական կառույցներին մեր երկրի ինտեգրմանը, նաեւ ակտիվորեն մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ֆրանսիական խոշոր ընկերություններն իրենց կարեւոր ներդրումներով մասնակցում են Հայաստանի տնտեսության զարգացմանը: «Մեր այս սերտ հարաբերությունների կառուցման մեջ, անկասկած, կարեւոր դերակատարություն ունի Ֆրանսիայի Ազգային ժողովը: Ես կցանկանայի ուղղակի ասել, որ ֆրանսիական խորհրդարանում մեր ժողովրդի լավագույն բարեկամներն են, առանց խտրության, լինեն նրանք կառավարող մեծամասնության, թե ընդդիմության մեջ: Ֆրանսիայի Ազգային ժողովում եւ Սենատում գործում են բազմամարդ եւ ամենաակտիվ բարեկամական խմբերը, որոնք շատ հաճախ նպաստում եւ աջակցում են համագործակցության որոշակի ծրագրերին: Մենք բարձր ենք գնահատում անկեղծ բարեկամությունը, եւ ես ուրախ եմ, որ մեր միջպետական հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը, ակտիվ համագործակցությունն ու ջերմ բարեկամությունը»,-»,-ընդգծել է ՀՀ վարչապետը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: