ՄԱԶԾ-ն կաջակցի Երևանին՝ «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր»-ը մշակելու հարցում

ՄԱԶԾ-ն կաջակցի Երևանին՝ «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր»-ը մշակելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ-Հայաստան) և Երևանի քաղաքապետարանը ձեռք են բերել համաձայնություն` «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում Երևանին տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցի շուրջ՝ քաղաղաքի «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը» մշակելու և հաստատելու համար: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպական նախաձեռնությանը միացել է 2014-ի սեպտեմբերի 9-ին` կամավոր պարտավորություն ստանձնելով իր լիազորությունների և ազդեցության շրջանակում մինչև 2020-ը առնվազն 20%-ով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2015-ի տարեսկզբին ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվեցին քաղաքապետարանի 16 վարչության պետեր, այդ թվում՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը, ֆինանսական վարչությունը, բնապահպանության վարչությունը, կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչությունները:

Աշխատանքային խմբի հիմնախնդիրն է հավաքել և համակարգել նախնական տվյալները, որոնք անհրաժեշտ են «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման համար (ներառյալ համապատասխան քաղաքային ենթակառուցվածքների և դրանց էներգիայի սպառման վերաբերյալ տվյալները):

6 ամսվա ընթացքում աշխատանքային խմբին հաջողվել է հավաքագրել տեղեկատվություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների էներգիայի սպառման վերաբերյալ: Այնուամենայնիվ, հավաքագրված տվյալների համակարգումն ու մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումը պահանջում են զգալի ջանքեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և քաղաքային տնտեսության այլ ոլորտների համապատասխան փորձագետների ներգրավմամբ:

«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության պահանջներին համապատասխան «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանը տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով դիմել է իր վաղեմի գործընկերոջը՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որի հետ քաղաքապետարանն իրականացրել է էներգախնայողությանն ուղղված մի շարք նախագծեր շենքերի և բնակելի տների, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգում:

2015-ի սեպտեմբերի 1-ին ՄԱԶԾ-Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանին «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման հարցում: Ակնկալվում է, որ ծրագրի մշակման գործակցությունը կսկվի 2015 սեպտեմբերի վերջին, իսկ արդեն 2016-ի սկզբին ծրագրի առաջին տարբերակը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը և Քաղաքային խորհրդի հաստատմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---