19 հոկտեմբերի 2006 - 19:09 AMT
Ադրբեջանին կարող են դուրս հանել ՅՈՒՆԵՍԿՕ-ից հայկական խաչքարերի ոչնչացման համար
Տարբեր երկրների խորհրդրանների ներկայացուցիչներից եւ շոտլանդացի պատմաբան-մշակույթի մասնագետից բաղկացած միջազգային պատվիրակությունը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոչիիրո Մացուրոյի հետ, որից պաշտոնապես պահանջել է միջազգային հետքննություն անցկացնել եւ քննադատել Ադրբեջանի բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավիրման փաստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը: Պատվիրակությունը կազմվել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի պահանջով` ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրի աջակցությամբ: Խորհրդարանականները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին սպառիչ փաստաթղթեր են ներկայացրել, ինչպես նաեւ ստորագրված Հուշագիրը, որում Ադրբեջանի համար հինգ հանձնարարականներ են ներկայացված, որոնց շարքում հայկական գերեզմանի վայրում քրիստոնեական հուշարձանի կանգնեցումը: Եթե Ադրբեջանը չպատասխանի այդ առաջարկներին, պատվիրակության անդամները եվրոպական կառավարությունների, Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Կանադայի միջնորդությամբ կբարձրացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ից Ադրբեջանի դուրս հանման հարցը: