14  07.09.15 - Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում տեղի ունեցավ խաղողի մթերման մեկնարկը

Դաշտում խաղող չի մնա․ Արմավիրի մարզում մեկնարկեց խաղողի մթերումը

Դաշտում խաղող չի մնա․ Արմավիրի մարզում մեկնարկեց խաղողի մթերումը

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց խաղողի մթերման գործընթացը։ Սեպտեմբերի 8-ին այն կմեկնարկի Արարատի մարզի Այգավանի մասնաճյուղում, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղում։

ԵԿԳ գործադիր տնօրեն Իգնատ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ չնայած արձանագրած ֆինանսական ոչ բարենպաստ պայմաններին, այս տարի գործարանը նախատեսում է մթերել 35․000 տոննա խաղող՝ չնայած գործարանին անհրաժեշտ է 30․000 տոննա։

«Հաշվի առնելով, որ այս տարի խաղողի բերքը հանրապետությունում բավականին մեծ է լինելու, մենք որոշել ենք ընդառաջ գնալ խաղողագործներին ու մթերել լրացուցիչ 5․000 տոննա խաղող։ Մեր արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, և ռուսական ռուբլու արժեզրկումը, բնականաբար, մեզ վրա նույնպես ազդեցություն է թողնում։ Այդուհանդերձ, ռուսական շուկայում փորձում ենք չբարձրացնել մեր արտադրանքի գները, որպեսզի կարողանանք անհրաժեշտ ծավալն իրացնել ու Հայաստանում խաղողը ողջ ծավալով մթերել»,- ասաց նա։

Խաղողի մթերման համար այս տարի ընկերությունը տրամադրելու է ավելի քան 5 մլրդ դրամ։ Մթերվող խաղողի գինը անփոփոխ է մնացել․Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերում այն կազմում է 1 կիլոգրամի համար 150, իսկ Բերդի մասնաճյուղում՝ 140 դրամ։ Պարզաբանելով՝ Առաքելյանը նշեց, որ Տավուշի մարզից մթերվող խաղողի գինը 10 դրամով էժան է, քանի որ նրա շաքարայնությունը մի փոքր ավելի քիչ է։

«Տավուշի մարզի խաղողագործների խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են։ Որոշում է կայացվել բոլոր առումներով նրանց աջակցելու մասին։ Մարզում ևս առատ բերք է ստացվել, և կփորձենք ամեն ինչ անել մեր խաղողագործներից բերքն ամբողջովին մթերելու համար»,- շեշտեց ԵԿԳ գործադիր տնօրենը։

Յուրաքանչյուր խաղողագործ իր կողմից մատակարարվող բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում։ Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցող յուրաքանչյուր խաղողագործ նախապես տեղեկացված է իր բերքի հանձնման օրվա, ժամի և քանակի մասին։

«Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ կարգով տրամադրման ծրագիրը, որը կազմել է մոտ 250 մլն դրամ։ Ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաշետ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ»,- ավելացրեց Առաքելյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ հանրապետության բոլոր մթերող կազմակերպությունները կսկսեն խաղողի մթերման աշխատանքները մեկ շաբաթվա ընթացքում։ Ըստ կանխատեսումների՝ այս տարի մոտ 10-15% ավել խաղողի բերք է սպասվում․ նախարարը փաստեց, որ յուրաքանչյուր արտադրողի հետ առանձին աշխատանքներ ենք տարել, որպեսզի ամբողջ ծավալներով խաղողը մթերվի։

«Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 261․000 տոննա խաղող, որից մթերվել է 184․000 տոննա։ Այս տարի ակնկալում ենք, որ կարտադրվի 290․000-295․000 տոննա, հետևաբար մթերման ծավալները կավելալան»,- ավելացրեց նախարարը։

Եզրափակելով, գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց այն մարդկանց, ում մոտ մտավախություն կա, թե հնարավոր է՝ խաղողը չմթերվի՝ արտադրված ամբողջ խաղողը մթերվելու է, դաշտում խաղող չի մնալու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---