Սեպտեմբերի 8-ի գիշերը սահմանին հարաբերական հանգիստ է եղել

Սեպտեմբերի 8-ի գիշերը սահմանին հարաբերական հանգիստ է եղել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է եղել։Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:

Աղեկյանի խոսքով՝ հակառակորդի կողմից արձակվել են միայն անկանոն կրակոցներ, հացորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը հերփական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։

Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրը հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---