Նալբանդյանը՝ Փարիզում. Ահաբեկիչներին պետք է զրկել ֆինանսական աղբյուրներից՝ խանգարելով հարևան երկրներ ներհոսքին

Նալբանդյանը՝ Փարիզում. Ահաբեկիչներին պետք է զրկել ֆինանսական աղբյուրներից՝ խանգարելով հարևան երկրներ ներհոսքին

PanARMENIAN.Net - Հայաստանը խորապես մտահոգված է իր անմիջական հարևանությամբ` Մերձավոր Արևելքում, ծավալվող իրադարձություններով: Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով մասնակցելով Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին:

Այն բացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով կարևորել է միջազգային հանրության առջև ծառացած ամենասուր խնդիրներից մեկի վերաբերյալ միջազգային համաժողովի հրավիրումը և ընդգծել, որ իրավիճակը պահանջում է հրատապ արձագանք, քայլեր՝ Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների գոյությունը ապահովելու համար։

Համաժողովին ներկա էին վեց տասնյակ պետության բարձրաստիճան պատվիրակություններ՝ արտգործնախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Ըստ Նալբանդյանի՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական ուժերի կողմից հետապնդվող էթնիկ և կրոնական խմբերի պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ՝ այն վտանգված համայնքներին, որոնք ահաբեկիչների թիրախ են դարձել։ Միջազգային աջակցությունը չպետք է տարանջատվի առաջնային և երկրորդական ուղղությունների և պետք է տրամադրվի բոլոր տուժածներին:

«Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը` թույլ չտալ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլև՝ հանցակցության համար, և այս իրողությունը երբևէ չպետք է մոռանան նրանք, ովքեր ժխտում և արդարացումներ են փնտրում անցյալի ոճրագործությունների համար և խրախուսում են ներկայիս բռնությունները», - ասել է արտգործնախարարը:

Նալբանդյանի խոսքով՝ ահաբեկիչների բռնություններից անմասն չեն մնացել նաև հայերը, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ:

Նախարարը նշել է, որ ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր ևս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից մոտ 15 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում: «Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս», - ասել է Նալբանդյանը՝ նկատելով, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ կազմել է Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը:

«Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը և էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին», - ասել է արտգործնախարարը:

Նալբանդյանը նշել է, թե պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են վարում այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ: Պատմության և հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի և կրոնի նկատմամբ: Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների քարոզած այլատյացության և խտրականության գաղափարախոսություններին:

Արտգործնախարարի խոսքով՝ բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են:

«Տարածաշրջանի էթնիկ և կրոնական համայնքների դեմ ծառացած վտանգը զուտ ֆիզիկական չէ, այն նաև քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունը կկարողանա համախմբվել և միասնական ուժերով պայքարել այս չարիքի դեմ, կնախանշի, թե որքանով է այն պատրաստ պաշտպանել իր իսկ քաղաքակրթական արժեքները», - եզրափակել է Նալբանդյանը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---