Սասունյան. Էրդողանը սպառնալիք է սեփական քաղաքացիների և ապակայունացնող ուժ՝ տարածաշրջանի համար

Սասունյան. Էրդողանը սպառնալիք է սեփական քաղաքացիների և ապակայունացնող ուժ՝ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք: Այս մասին գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ հրապարակելով իր հոդվածը TheCaliforniaCourier.com-ում:

«Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ գործակցությունը ԻՊ-ի հետ: Հարյուրավոր հոդվածներ հրապարակվեցին ամբողջ աշխարհում՝ նկարագրելով ԻՊ-ին ցուցաբերած թուրքական աջակցության մանրամասները», - գրել է Սասունյանը՝ օրինակ բերելով Դանիել Փայփսի «Վաշինգտոն թայմս»-ում հրապարակված «Թուրքիայի աջակցությունը ԻՊ-ին» հոդվածը, որում նա տեղեկացնում է, թե «թուրքերն ավելի շատ բաներ են տրամադրել, քան պարզապես սահմանի հատումը. նրանք ապահովել են ԻԼԻՊ-ի եկամուտի, մատակարարումների, վերապատրաստման և զենքի առյուծի բաժինը»:

Փայփսը նաև բացահայտել է, որ ահաբեկիչմերի վիրավոր զինյալները բուժում են ստացել թուրքական հիվանդանոցներում, և Թուրքիան ԻՊ-ին վճարել է $800 մլն նավթի ապօրինի առաքման համար:

Սասունյանը հիշեցրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը 2014-ի հոկտեմբերին Հարվարդի համալսարանում ունեցած իր ելույթում հաստատել է Թուրքիայի կործանարար դերը իսլամիստ ահաբեկիչների աջակցման գործում. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Էմիրաթները «հարյուր միլիոնավոր դոլարներ և հազարավոր տոննա զենք են նվիրաբերել յուրաքանչյուրին, ով կպայքարի Ասադի դեմ, սակայն այդ մարդիկ, որոնք ստանում էին՝ բոլորը Նուսրա, Ալ-Քաիդա խմբավորումներից էին և աշխարհի տարբեր մասերից եկած ջիհադական ծայրահեղական տարրեր էին»: Փոխնախագահը նաև բացահայտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնավոր զրույցում իրեն ասել է. «Դուք ճիշտ էիք: Մենք շատ շատերին թույլ տվեցինք անցնել»: Բայդենը հետագայում ներողություն է խնդրել իր հրապարակային ելույթի համար, որպեսզի մեղմի Էրդողանի զայրույթը:

Խմբագրի խոսքով՝ Միտչել Պրոտերոն McClatchyDC.com կայքից օգոստոսի 24-ին բացահայտումով տեղեկացրել է, որ թուրքական հետախուզությունը ահազանգել էր իսլամիստ ահաբեկիչներին, որ ամերիկյան վերապատրաստում ստացած մի խումբ զինյալներ պատրաստվում են Թուրքիայից անցնել Սիրիա: ԱՄՆ վերապատրաստման $500 մլն արժողությամբ ծրագրի 54 շրջանավարտներից շատերին ժամանելուն պես Ալ-Քաիդայի Նուսրա ճակատը անմիջապես կանգնեցրել և առևանգել է:

Սասունյանը նաև գրում է, որ օգոստոսին,երբ Թուրքիան վերջապես համաձայնել է միանալ ահաբեկչության դեմ պատերազմին և «թույլ տվել» Միացյալ Նահանգներին Ինջիրլիքի ռազմակայանից հրթիռակոծել ԻԼԻՊ-ի թիրախները, ԱՄՆ պաշտոնյաների նախնական ցնծությունը վերածվել է սոսկումի, երբ նրանք հասկացան, որ թուրքական ռազմական առաջնահերթությունը Իրաքում և Սիրիայում քրդերին, այլ ոչ թե ԻՊ-ին հարվածելն էր:

Թուրքիան, հարվածելով քուրդ գրոհայիններին, ըստ էության, օգնում էր ԻՊ-ին, քանի որ քրդերը ԱՄՆ-ի միակ վստահելի ռազմական գործընկերներն էին այդ տարածքում:

Ցանկանալով խոչընդոտել անկախ Քուրդիստան ստեղծելու քրդերի վաղեմի երազանքը, քրդերի դեմ Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում լայնածավալ արյունալի հարձակումներ սանձազերծելով, Էրդողանը հույս ունի, որ նոյեմբերի 1-ին թուրք ընտրողները կօգնեն նրան վերականգնել իր կուսակցության՝ այս տարվա հունիսի ընտրություններում կորցրած խորհրդարանական մեծամասնությունը:

Ըստ Սասունյանի՝ ի դժբախտություն Էրդողանի՝ քրդերի դեմ հարձակումները բացասական արձագանք գտան շատ թուրք քաղաքացիների շրջանում, որոնք կորցրել էին բանակում ծառայող իրենց սիրելիներին՝ պարզապես նախագահի քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար:

Խմբագիրը նշում է, որ հուսահատության մեջ հայտնված Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել ևս մեկ հնարքի: Տեսնելով, որ քրդերի ռմբակոծումը չի ստեղծում ակնկալվող հանրային աջակցություն առաջիկա ընտրություններում, նա կարող է հրամայել զանգվածային հարձակումներ ձեռնարկել քրդերի դեմ ամբողջ Արևելյան Թուրքիայում: Իսկ հետո որպես պատրվակ օգտագործելով քաղաքացիական պատերազմը՝ արտակարգ դրություն հաստատել, կասեցնել խորհրդարանը և կառավարել կղերապետական օսմանյան սուլթանի երկաթե բռունցքով:

Սասունյանի կարծիքով Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել կանգնեցնելու իրենց իսկ ստեղծած հրեշին, մինչ նա կոչնչացնի ամեն ինչ իր ճանապարհին:

«Էրդողանը լուրջ սպառնալիք է իր սեփական քաղաքացիների՝ թուրքերի, քրդերի և այլոց համար, ինչպես նաև ապակայունացնող ուժ է ամբողջ տարածաշրջանի համար: Արևելյան Թուրքիայում քուրդ բնակչության վրա վայրագ հարձակումները լավագույն փաստն են, թե ինչու քրդերն արժանի են անկախ պետականության և չեն կարող այլևս հանդուրժել թուրքական դաժան վարչակարգը», - ընդգծել է խմբագիրը:

Նա նաև գրել է, որ Օբամայի վարչակազմը պետք է հետևի Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան և 2005-2009-ի պաշտպանության փոխնախարար Էրիկ Էդելմանի իմաստուն խորհրդին: «Նյու Յորք թայմս» թերթում օգոստոսի 27-ին հրապարակված իր հոդվածում Էդելմանը առաջարկել է, որպեսզի Միացյալ Նահանգները «սահմանափակի Թուրքիայի մասնակցությունը բարձր մակարդակի հանդիպումներում, կրճատի հետախուզական գործակցությունը և մերժի ամերիկյան աջակցությունը Թուրքիային միջազգային ֆինանսական հաստատություններում»:

«Այս և շատ այլ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, մինչև նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության հիմնախնդիրը սահմանափակելու, այդ երկրներում կայունությունը վերականգնելու և Թուրքիայի ներսում աճող արյունահեղությունը դադարեցնելու համար, թուրք ժողովուրդը չպետք է թույլատրի, որ Էրդողանի կուսակցությունը վերականգնի իր կորցրած խորհրդարանական մեծամասնությունը», - գրել է Սասունյանը:

Նա հիշեցրել է, որ «Նյու Յորք թայմս»-ի խմբագրական խորհուրդը օգոստոսի 31-ի խմբագրականում Էրդողանի քաղաքական հնարքները բնութագրեց որպես փորձ՝ «փրկելու իր հավակնությունները՝ ավտորիտար կառավարումը և մեծապես ընդլայնված լիազորությունները շարունակելու համար»:

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Դա կարճաժամկետ գործողություն է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակցել են սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին:

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների շրջանակում զոհերի թիվը մեծանում է: Թուրքական «takvim.com.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ Դաղլըջայում օդային՝ F16 և F4 ռազմական ինքնաթիռների միջոցով, և ցամաքային՝ ԶՈՒ հատուկ ծառայության ջոկատների և կարմիր բերետավորների մասնակցությամբ ռազմական գործողություններ են իրականացվում քուրդ զինյալների 250 հոգանոց խմբի դեմ: Նշվում է, որ թուրքական ուժերը ՔԲԿ-ականներին շրջափակել են՝ դեպի Իրաք նրանց փախուստը կանխելու համար:Բախումների հետևանքով 73 քուրդ զինյալ զոհվել է, ևս 25-ը գերի է ընկել: Ըստ աղբյուրի՝ այժմ գործողությունները շարունակվում են քրդերի արդեն 150 հոգանոց խմբի դեմ:

Սեպտեմբերի 7-ին հայտարարված պաշտոնական տվյալներով ` թուրքական կողմը 16 կորուստ և 6 վիրավոր է ունեցել, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դաղլըջայում արդեն 21 թուրք զինվոր է զոհվել: Մինչ այժմ Թուրքիայում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2.500 մարդ: Դրանից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Դեպի Դաղլըջա են ուղարկվել օդային ուժեր: Մասնավորապես դեպի վերոնշյալ գյուղ են ուղարկվել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Զինված ուժերի Յուքսեքովայի 3-րդ դիվիզիայի և Հաքքարիի ջոկատի հրամանատարություններին:

Նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ սեպտեմբերի 7-ին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել՝ Դաղլըջայում տեղի ունեցած ահաբեկչության հարցով:

2015-ի հուլիսի 22-ից օգոստոսի 24-ը ընկած ժամանակահատվածում PKK դեմ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով Հյուսիսային Իրաքում և Թուրքիայի սահմանների ներսում 814 PKK-ական է զոհվել:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---