9 սեպտեմբերի 2015 - 13:03 AMT
ՄԱԿ-ի հանձնակատարը դատապարտել է Ադրբեջանի քաղհասարակության վրա ճնշումները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումները։

«Չնայած իմ բազմաթիվ կոչերին՝ ուղղված երկրի պետական բարձրագույն մարմիններին, այդ թվում՝ երկրի նախագահին, լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու հետապնդումները շարունակվում են»,- ասել է պաշտոնյան, մեջբերում է Tert.am-ը:

Նա հերթական անգամ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց, ովքեր ազատությունից զրկվել են խոսքի ազատության, խաղաղ հավաքներ կազմակերպելու, ինչպես նաև այլ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

ՄԱԿ-ի պաշտոնյան անդրադարձել է նաև 2015 ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճռին։

«Իսմայիլովան երկրում անկախ ձայները ճնշելու վերջին օրինակն է: Ադրբեջանական իշխանություններն արդեն բանտարկել են մի շարք այլ լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների՝ ինչպես, օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսները, Ինթիգամ Ալիևը, Անար Մամեդլին, Ռասուլ Ջաֆարովը», - ասել է Ռաադ ալ-Հուսեյնը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:Իշխանությունները նրան մեղադրել են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ:

Ինչպես իր վերջին խոսքում ասել է լրագրողը, նրա դեմ ներկայացված մեղադրանքները նման են եղել այն մեղադրանքներին, որոնք նա առաջադրել է Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ իր հոդվածներում՝ անօրինական գործարարություն, հարկերից խուսափում և իշխանության չարաշահում: Տարբերությունն այն է, որ նա իր մեղադրանքները հիմնավորել է փաստերով, ապացույցներով և փաստաթղթերով, մինչդեռ նրա դեմ գործը հիմնվել է վատ կեղծված հայտարարությունների և հեշտությամբ հերքվող պնդումների վրա: Ոչ մի վկա Իսմայիլովայի դեմ վկայություն չի տվել դատարանում:

Սեպտեմբերի 1-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Իսմայիլովային։ Բացի այդ, կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը ընդգծել է, թե վաղուց արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի միայն խոսքերով և կոնկրետ քայլեր անի Իսմայիլովայի և այլոց բանտից ազատ արձակման համար: Այս համատեքստում Human Rights Watch-ն առաջարկել է զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային և այլ կալանավորների, որոնք իրենց հիմնարար ազատություններն են իրականացրել։

«Մենք նաև անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում՝ վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստեր: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակման առումով», - ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:

Կառույցը Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ է արել իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով:

Սեպտեմբերի 3-ին Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կոչ են արել վերանայել Իսմայիլովայի դատավճիռը: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է՝ տվյալ դատավճիռն արտացոլում է այն ծանր իրավիճակը, որն առկա է Ադրբեջանում՝ մամուլի ազատության տեսանկյունից:

Ադրբեջանում 8,5 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու Իսմայիլովան հայտնվել են ԱՄՆ պետդեպի՝ անազատության մեջ պահվող 20 կանանց ցանկում: Պետքարտուղարությունն արշավ է սկսել այդ կանանց ազատ արձակելու համար, որոնք ազատազրկված են աշխարհի տարբեր երկրներում:

Օգոստոսի 11-ին Իսմայիլովան դարձել է Էլիսոն Դես Ֆորգսի անվան հեղինակավոր մրցանակի չորս դափնեկիրից մեկը։ «Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր արիաբար պայքարում են մարդու իրավունքների համար՝ հաճախ վտանգավոր իրավիճակներում և անձնական մեծ զոհաբերությունների գնով»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։ Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Իսմայիլովային ԱՄՆ Մամուլի ազգային ակումբն իր բարձրագույն մրցանակն է շնորհել:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին : «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը: Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Կարդացեք նաև՝The Washington Post. Ադրբեջանը` Եվրասիայի ամենադաժան ոստիկանական պետություններից մեկը