9 սեպտեմբերի 2015 - 13:59 AMT
ՀԷՑ-ում աուդիտի անցկացման հայտ է ներկայացրել մեկ ընկերություն

Աուդիտորական ծառայությունների մատուցման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության հայտարարած բաց մրցույթի շրջանակում ընկերությունից փաթեթ պահանջել ու ստացել է մեկ ընկերություն: Այս մասին հայտնել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:

Հայտը ներկայացրած ընկերության մասին ոչ մի այլ տվյալ նա չի հրապարակել:

«Չեմ կարող ասել, թե որ ընկերությունն է, որովհետև ընթացակարգով նախատեսված չէ մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը», - ասել է Սարջանյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա մի այն հիշեցրել է, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է՝ նկատի ունենալով, որ մինչ այդ հայտ ներկայացնող ընկերությունների թիվը կարող է ավելանալ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը օգոստոսին հայտարարել է բաց մրցույթ` աուդիտորական ծառայությունների մատուցման համար: Այս մասին տեղեկացրել է ՀԷՑ-ի պաշտոնական կայքը: ՓԲԸ 2009-2014-ի ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:

Նախնական գնահատականներով, աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս:

Մինչդեռ, Կառավարության կողմից ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը արդեն ընտրվել է. Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:

ՀԾԿՀ-ն ակնկալում էր, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:

Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում: