9 սեպտեմբերի 2015 - 15:09 AMT
«Լա Սկալայի» նվագախումբը Հռոմում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է տվել

«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես է եկել «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող համերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նվագախումբը ղեկավարել է բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը:

Համերգը կայացել է իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի Սինոպոլի դահլիճում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Նախքան համերգի մեկնարկը Սինոպոլի լեփլեցուն դահլիճում հանդիսատեսներին ողջույնի խոսքով դիմել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Նա կարևորել է երաժշտության դերը համամարդկային արժեքների շուրջ համախմբման գործում՝ նշելով, որ «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»: Դեսպանը հավելել է, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է:

Համերգին հնչել են Արամ Խաչատրյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի և Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները:

Համերգին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իտալացի մշակութային և հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը լայնորեն անդրադարձել են իտալական առաջատար մամուլն ու հանրային հեռուստատեսությունը: