Մինչև սեպտեմբերի 20-ը գործադիրը կփոխհատուցի էլէներգիայի բարձրացված սակագինը

Մինչև սեպտեմբերի 20-ը գործադիրը կփոխհատուցի էլէներգիայի բարձրացված սակագինը

PanARMENIAN.Net - Մինչև սեպտեմբերի 20-ը ՀՀ կառավարությունը կվճարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմաց բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված փոխհատուցումը: Այս մասին կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:

Նախարարի խոսքերով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՀԷՑ-ի հետ ճշտվում են ՓՄՁ-ի ու ազգաբնակչության սպառած էլեկտրաէներգիայի ցուցակները:

«Մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն, իսկ փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 20-ը», - ասել է Զաքարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ Փոքր բիզնեսին էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումները կսկսեն վճարվել սեպտեմբերի 14-ից: Նախարարը հիշեցրել է, որ փոխհատուցումը վերաբերում է մինչև 500 կՎտ/ժ էներգիա սպառող բիզնեսին և կազմում է դրա կեսը՝ 250 կՎտ/ժ, գրում է Armenia Today-ը:

Կառավարության օգոստոսի 31-ի նիստին վարչապետը հայտարարել է, որ Կառավարությունը օգոստոսի 1-ից բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի հավելավճարը արտաբյուջեից կփոխհատուցի ՓՄՁ այն ներկայացուցիչներին, ովքեր ամսական սպառում են 250 կվ/ժ հոսանք։ նախարար Զախարյանն իր հերթին ներկայացրել է «Էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշման նախագիծը։ Դրանով սահմանվում է, որ Կառավարությունը 2015-ի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, բնակիչ սպառողների և 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) փոխարեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարի էլեկտրական էներգիայի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ: Օգոստոսի 13-ի նիստում վարչապետը տեղեկացրել է, որ Կառավարությունը խոշոր բիզնեսին չի փոխհատուցելու օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին ասել է, որ ՀԾԿՀ-ում իրականացվող խորհրդատվության առաջին փուլի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլի աշխատանքները՝ հոկտեմբերի, երրորդ փուլինը՝ նոյեմբերի վերջին:

Ըստ փոխվարչապետի՝ Deloitte ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին:

«Երկուշաբթի տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ում, իսկ սեպտեմբերի 9-ին՝ կարգավորող ընկերությունների հետ: Այժմ ինձ մոտ է պայմանագիրը, որի հիման վրա էլ խորհրդատվություն իրականացնող ընկերությունը պետք է աշխատի», - տեղեկացրել է նա:

Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը՝ սկսած արտադրությունից մինչև սպառող՝ 2010-2015-ի համար, էներգետիկ հաշվեկշռի և ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունը, այդ թվում՝ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության:

Ըստ Գաբրիելյանի՝ սակագնի ճշտության շուրջ եզրակացությունը պետք է տրվի խորհրդատվության առաջին փուլում:

Աբրահամյանն իր հերթին առաջարկել է, որպեսզի նախարարըմինչ խորհրդատվության ավարտը ներկայացնիքաղաքացիների և ՓՄՁ-ների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցման ծավալների ճշգրտման գործընթացը:

«Այդ մասին հանրությանը պետք է տեղեկացնենք, խորհրդատվության աշխատանքների մասին նույնպես, քանի որ թյուր տեղեկատվություն են տարածում, որ որևէ բան չի արվում: Կառավարությունն իր վրա վերցված բոլոր պարտավորությունները իրականացնում է ըստ ժամկետների: Դրա մասին հանրությունը պետք է իմանա», - ասել է վարչապետը:

Կառավարության կողմից ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը արդեն ընտրվել է. Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:

ՀԾԿՀ-ն ակնկալում էր, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:

Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում:

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---