11 սեպտեմբերի 2015 - 12:23 AMT
Նալբանդյանը՝ Բրիտանիայում. Բաքուն չի քողարկում իր ռազմատենչ վարքագիծը՝ խաթարելով խաղաղ կարգավորումը

Ադրբեջանը շարունակում է զինվել՝ մեկ տասնամյակի ընթացքում ավելացնելով իր ռազմական բյուջեն մոտ 30 անգամ. քանի դեռ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները չեն սանձվել, խաղաղ բանակցություններում դժվար է իրական առաջընթաց ակնկալել: Այս մասին սեպտեմբերի 10-ին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) ելույթի ժամանակ:

Արտգործնախարարի խոսքով՝ խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառը Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է:

«Բաքվի կողմից հրադադարի շարունակական խախտումները Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է խաթարել հակամարտության կարգավորման գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ վտանգելով միջնորդների կողմից նախաձեռնված առաջիկա հանդիպումները», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը հասնելու համար:

« Համանախագահները միասնական մոտեցում ունեն ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Սա միջազգային հարաբերությունների ներկա խառնաշփոթում եզակի օրինակ է, երբ այս երկրները մեկ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում են որդեգրել: Մենք հաստատակամորեն սատարում ենք միջազգային հանրության այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման համար բանակցությունները, փոխզիջումները և մեր հասարակություններին խաղաղության նախապատրաստելը այլընտրանք չունեն», - ասել է արտգործնախարարը:

Նալբանդյանը շեշտել է, որ կարգավորման առաջարկներից ամենանշանակալիներն են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների 2009-ից ի վեր արված հինգ հայտարարությունը: Այդ առաջարկներն ավելի հայտնի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներ անվամբ և բաղկացած են միջազգային իրավունքի երեք սկզբունքից՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

Նախարարի խոսքով՝ համանախագահների առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լիակատար իրավունք է ընձեռում՝ որոշելու իր ապագա կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հայաստանն իր պատրաստակամությունն է արտահայտել՝ առաջ շարժվելու այս սկզբունքների հիման վրա:

Նալբանդյանը նկատել է, որ հունիսին Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ընթացքում Ադրբեջանը հիմնականում ձեռնպահ է մնացել հրադադարի ռեժիմի խախտումներից, քանի որ շահագրգռված է եղել այդ ժամանակահատվածում հակամարտության գոտում հանդարտության պահպանման մեջ: Իրավիճակը կտրուկ փոխվել էր խաղերից անմիջապես հետո, երբ Ադրբեջանը գնաց հրադադարի խախտումների կտրուկ աճի: Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով ևս մեկ անգամ հստակ ցույց է տվել, թե որ կողմն է պատասխանատու իրավիճակի սրման համար: Բաքուն նույնիսկ հարկ չի համարում քողարկել իր ռազմատենչ վարքագիծը:

Արտգործնախարարը նկատել է, որ շփման գծի երկայնով միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող է ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները:

Մինչ միջազգային հանրությունը խոսում է հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է հայատյաց իր քաղաքականությունը: Աղաղակող նմանություն կա ադրբեջանական բանակի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման և պատմական Պալմիրայում 2000 տարվա հնություն ունեցող հուշարձանների ավերման միջև: Հուշարձանների միտումնավոր ոչնչացումը, լինի դա Սիրիայում, թե Նախիջևանում, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է:

Նալբանդյանի խոսքով՝ ավտորիտարիզմից դեպի բռնապետություն ընկած ճանապարհը փոխկապակցված է լարվածության սրման հետ, որով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել, շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներից: Ավտորիտարիզմի անկյունաքարը ատելությունն է: Հարևանի նկատմամբ թշնամանքի քարոզումը նման ռեժիմների ամենաընդունված մեթոդներից մեկն է, որն իր նկատմամբ հնազանդությունն ամրապնդելու համար պատժում է մտավորականության և քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների այն ներկայացուցիչներին, որոնք համարձակվում են խոսել ռեժիմի դեմ և հանդես են գալիս խաղաղության ու հաշտեցման օգտին: Պատահական չէ, որ նրանցից շատերը Ադրբեջանում ազատազրկման են ենթարկվել՝ Հայաստանի շահերին ծառայելու մեղադրանքներով:

Հայերի նկատմամբ այլատյացությունը տասնամյակներ շարունակ Ադրբեջանում գերիշխող հռետորաբանություն է և պետության կողմից հովանավորվող քաղաքականություն: Հայտարարելով, որ Հայաստանը գտնվում է պատմական ադրբեջանական հողերի վրա, այդ երկրի նախագահը Ադրբեջանի «թիվ մեկ» թշնամի է հռչակել ամբողջ աշխարհի հայերին:

«Կարող է աշխարհի տարբեր ծայրերում վերլուծաբանների համար նվազ տեսանելի թվալ, բայց դա չպետք է մոլորեցնի որևէ մեկին: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է: Մի քանի ամիս առաջ այստեղ՝ Չաթըմ հաուսում, հիանալի հնարավորություն էր ստեղծվել այս խնդրի վերաբերյալ առաջին ձեռքից՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից տեղեկություններ ստանալու համար: Ավելորդ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի մոտեցումները հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեն», - ընդգծել է Նամբանդյանը:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված էր: Հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:

Արտգործնախարարը անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի իրադարձություններին, նմանացնելով դրանք Հայոց ցեղասպանության սարսափին:

«1915-ին հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականցվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ և հնագույն քաղաքակրթությունների հետքերը: 1894-96թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը և անպատժելիությունը հանգեցրին 1915-ի Ցեղասպանությանը», - շեշտել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ 1915-ի մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության և քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»: Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների և կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով: Արտգործնախարարը նշել է, որ հայերը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրածներ, բարոյական պատասխանատվություն են զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում՝ ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում և վճռական են տրամադրված` մեծացնելու ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում:

Նալբանդյանի խոսքով՝ դժբախտաբար, այս տարի նշվել է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև` թուրքական ժխտողականության 100-րդ տարին:

Լորդերի պալատում հունիսի 16-ին քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Այն բարձրացրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հարցնելով, թե արդյո՞ք Բրիտանիան պատրաստվում է 1915 թվականին հայերի, հույների ու ասորիների սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն։Հարցին ի պատասխան Քորթաունի կոմս Ջեյմս Սթոփֆորդը հայտնել է, որ իրենք ճանաչում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և այլ խմբերի սարսափելի տառապանքները:

Արտգործնախարարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով և հարթություններով:

Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։

Նալբանդյանը Բեծ Բրիտանիայում հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար պարոն Դեյվիդ Լիդինգթոնին, իսկ ավելի ուշ հանդիպում կունենա մշակույթի հարցերով պետքարտուղար պարոն Ջոն Ուիթինգդեյլի հետ:

Կարդացեք նաև՝Նալբանդյանը՝ Բրիտանիայում. ԼՂՀ հիմնախնդիրն ու ԵՄ հետ հարաբերությունները