11 սեպտեմբերի 2015 - 13:48 AMT
11/9. ԱՄՆ-ում Սեպտեմբերի 11-ի 14-րդ տարելիցին ահաբեկչություն պլանավորող տղամարդու են ձերբակալել

ԱՄՆ-ում հիշատակում են աշխարհի ամենախոշոր ահաբեկչություններից մեկը՝ 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի հայտնի աշտարակների պայթյունի 14-րդ տարելիցը: Սպասվում է, որ քաղաքի կենտրոնում, ինչպես միշտ, հազարավոր մարդիկ կհավաքվեն Ground Zero կոչվող վայրում՝ հիշատակելու Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթյունի անմեղ զոհերին: 14-րդ տարելիցի կապակցությամբ զանգեր կղողանջեն ու կընթերցվի մոտ 3000 զոհի անունը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի Մերիլենդ նահանգում գտնվող Ֆորտ-Միդ ռազմաբազա, իսկ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կմասնակցի Պենտագոնում կայանալիք հիշատակի միջոցառումներին: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվելու ամբողջ երկրով մեկ:

Ըստ վերջին տեղեկությունների, 2001-ի սեպտեմբերի 11-ին 2.977 մարդ է զոհվել (չհաշված 19 ահաբեկչին) ու ավելի քան 6.000 մարդ տուժել: Զոհերի թվում 90-ից ավելի երկրի քաղաքացիներ էին:

Հիշատակի միջոցառումները կմեկնարկեն ԱՄՆ Արևմտյան ափի ժամանակով 08:46-ին՝ լռության րոպեով:Հենց այդ ժամին էին մահապարտ ահաբեկիչները կազմակերպել ինքնաթիռներից մեկի բախումն առևտրի կենտրոնի Հյուսիսային աշտարակի հետ՝ 93 ու 99 հարկերի միջև: 17 րոպե անց ահաբեկիչների երկրորդ խումբը, որը ևս վերցրել էր ինքնաթիռի կառավարումն իր ձեռքը, բախվեց առևտրի կենտրոնի Հարավային աշտարակին:

Մինչ այդ, ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԱՄՆ-ում ձերբակալել են այսօր՝ սեպտեմբերի 11-ին ահաբեկչություն պլանավորող տղամարդու: Ըստ ԱՄՆ արդարդատության նախարարության, 20-ամյա Ջոշուա Գոլդբերգին ձերբակալել են Կանզաս-Սիթիում: Նշվում է, որ երիտասարդն ավելի վաղ սոցկայքերում հայտնում էր, որ կիսում է «Իսլամական պետության» սկզբունքները:

Տղամարդը կապի էր դուրս եկել ՀԴԲ-ի տեղեկատուի հետ՝ ահաբեկչություն կազմակերպելու նպատակով, որը պլանավորվում էր հիշատակի միջոցառումների անցկացման վայրից ոչ հեռու: