11 սեպտեմբերի 2015 - 12:36 AMT
ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լուրերը՝ հայկական կողմը կորուստներ չունի

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե «սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի գնդակից զոհվել է ԼՂՀ ՊԲ 2 զինծառայող, իսկ սեպտեմբերի 10-ին՝ ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերից մեկի մոտ ական վրա պայթել է «ԿամԱԶ» մեքենա, ինչի հետևանքով 5 զինծառայող է մահացել և քաղաքացիական վարորդը»։ Այդ մասին գրում է «Ռազմինֆո»-ն:

ՊԲ մամուլի ծառայությունից նշում են, որ հայկական կողմը զոհեր չունի ու շեշտում՝ սա ադրբեջանական կողմի հերթական քարոզչական քայլն է՝ ուղղված հայկական լսարանում խուճապ առաջացնելուն։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներն այս լուրերը տարածելիս հղում են արել «հայկական» ArmPaper լրատվակայքին, որն ընդամենը 11 օր է գործում:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 ևՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: