11 սեպտեմբերի 2015 - 13:10 AMT
Apple-ն առաջարկում է «վարձակալել» նոր iPhone 6s-ը

Apple ընկերությունը սկսել է ծրագիր, որի շրջանակում ամենամսյա վճարումների դիմաց օգտատիրոջն առաջարկվում են նոր, ապաարգելափակված iPhone 6s սմարթֆոններ՝ անկախ նրանից, թե որ օպերատորի ծառայություններից է նա օգտվում։

Նոր iPhone 6s սմարթֆոնները կփոխանցվեն օգտատերերին «վարձակալման պլանի» պայմաններով․այն իրենցից կներկայացնի ամենամսյա վճարումներ՝ սկսած $32-ից, ինչը կախված կլինի սմարթֆոնի մոդելից։ Վերջերս թարմացված iPhone 6s-ի 16 ԳԲ տարբերակը օգտատիրոջ համար կարժենա ամսական սկսած $32,41, իսկ 128 ԳԲ-ն՝ սկսած $40,75։ Ընդ որում, ամենամսյա վճարումների չափը կախված կլինի մարման ժամկետներից՝ մեկից երկու տարի։

Ընտրելով մարման 24-ամսյա տարբերակը՝ օգտատերը 12 ամիս հետո հնարավորություն կունենա փոխել իր ընտրած iPhone-ը մեկ այլ մոդելով, եթե այն իրեն հարմար չէ։ Ծրագրի մասնակցության գրանցումը, ինչպես նաև iPhone 6S ու iPhone 6S Plus սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։

Նոր iPhone 6S ու iPhone 6S Plus սմարթֆոնները ներկայացվեցին սեպտեմբերի 9-ին, Սան Ֆրանցիսկոյի Բիլ Գրեհեմի անվան դահլիճում տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։ Apple-ը չի փոփոխել սարքավորումների դիզայնը, և արտաքին տեսքով դրանք անհնար է տարբերել ներկայիս iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններից։ Սակայն երկու գաջեթների կորպուսը պատրաստված է 7000 սերիայի այլումինի համաձուլվածքից, իսկ արդեն սովորական գունային լուծումներին միացել է «վարդագույն ոսկի» գույնը։

3D Touch տեխնոլոգիան, որը ընկալում է սմարթֆոնի էկրանին հպումները, սեղմումներն ու ուժեղ սեղմումները, դարձավ գլխավոր նորամուծությունը։ Էկրանները պահպանել են նույն անկյունագիծն ու խտությունը, ինչ նախորդ սմարթֆոններում էր։ 3D Touch-ի հնարավորությունները կկիրառվեն բազմաբնույթ հավելվածներում ու խաղերում։ Օրինակ, iMessage մեսենջերում ուժեղ սեղմումը թույլ կտա տեսնել հղման պրեվյուն՝ չբացելով Safari բրաուզերը։ Բացի այս, iPhone 6s-ում իրացվել է Taptic Engine տակտիլ հակառակ կապի համակարգը։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների ապարատային միջուկը ներկայացված է նոր՝ Apple A9 64 բիտ չիփսեթով, որը 70%-ով նախորդից ավելի արտադրողական է, իսկ գրաֆիկայի մշակման դեպքում այն նախորդին գերազանցում է 90%-ով։ Իսկ չիփսեթում ինտեգրված M9 համապրոցեսորը ստացել է ընդլայնված հնարավորություններ, այդ թվում՝ Siri թվային օգնականի մշտական ձայնային ակտիվացման։

Սմարթֆոններում, նախորդների համեմատ, տեղադրված է շատ ավելի հզոր հիմնական 12 մեֆապիքսել խտությամբ iSight ֆոտոխցիկ, որը կարողանում է նկարահանել 4K-տեսանյութեր։ Իսկ Live Photos նոր ֆունկցիան ավտոմատ կերպով ձայնագրում է կարճ տեսահոլովակ՝ ֆոտոխցիկի կոճակի սեղմումից առաջ ու հետո։ Ստացված «կենդանի» անիմացված լուսանկարները կարելի է օգտագործել, որպես iPhone-ի ու iPad-ի էկրանային ֆոն։

Սմարթֆոնի դիմային մասում տեղադրված է FaceTime նորացված 5 մեգապիքսել խտությամբ ֆոտոխցիկը՝ Retina Flash ֆունկցիայով, որը սմարթֆոնի էկրանը վերածում է լուսային բռնկման միջոցի։ Ընդ որում՝ էկրանի լուսավորությունը կարող է սովորական լուսավորության համեմատ աճել երեք անգամ։ Սմարթֆոնները ստացել են նաև LTE Cat.6 ցանցերի, Wi-Fi 802.11ac աջակցություն և մատնահետքերի՝ երկու անգամ ավելի արագ Touch ID սքաներ։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները նախնական պատվերների համար հասանելի կլինեն 2015թ-ի սեպտեմբերի 12-ին։ Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 25-ին։ 16, 64 և 128 ԳԲ ներդրված հիշողությամբ iPhone 6s-ի արժեքը կկազմի, համապատասխանաբար, $649, $749 ու $849 (ժամանակակից փոխարժեքով՝ 314.000, 363.000 և 411.000 դրամ), իսկ նույն հիշողությամբ iPhone 6s Plus-ը շուկայում կհայտնվի $749, $849 և $949 (ժամանակակից փոխարժեքով՝ 363.000, 411.000 և 460․000 դրամ) արժեքով։ Մինչև տարեվերջ Apple-ը նախատեսում է սկսել սմարթֆոնների վաճառքը աշխարհի 130 երկրներում։