11 սեպտեմբերի 2015 - 13:58 AMT
Շարմազանով. Սարգսյան-Պուտին հանդիպումն արդյունավետ էր

ՀՀԿ-ն բարձր է գնահատում նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը. դա երկու դաշնակից պետությունների նախագահների արդյունավետ հանդիպում էր: Այս մասին սեպտեմբերի 10-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ճեպազրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նախագահը ներկայացրել է մոսկովյան հանդիպման արդյունքները:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանը պետք է շարունակի իր դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՌԴ-ի հետ: Անվտանգության հարցերը, գիտեք, որ մեզ համար շատ կարևոր են», - նշել է Շարմազանովը:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում պաշտոնապես ձևակերպվել է $200 մլն ռուսական վարկի տրամադրումը Հայաստանին, որն էլ օգտագործվելու է գերժամանակակից զինվորական տեխնիկա գնելու համար, գրում է Panorama.am-ը:

Բացի այդ, Շարմազանովի խոսքով, քննարկվել է Ղարաբաղյան հարցը, և որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, ՌԴ-ն հերթական անգամ վերահաստատել է, որ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ կարգավորում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:

Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, անձամբ Պուտինին՝ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Նա նշել է, որ վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։

«Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ», - ասել էր նախագահը:

Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից $200 մլն վարկտրամադրելու մասին համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում ընդունել է ձայների մեծամասնությամբ:

Համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվում է օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90%-ի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1%-ի չափով:

Ռուսաստանից վարկի տրամադրման մասին հայտնի դարձավ հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո: Սերժ Սարգսյանի խոսքով, $200 մլն չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Կարդացեք նաև՝ Սարգսյան-Պուտին հանդիպումը․ ԼՂՀ հիմնահարցը, ռուսական գազի նվազեցված սակագինը և $200 մլն-ի վարկը