Դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր. ՄԱԿ-ի ԳԱ-ի նոր բանաձևը

Դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր. ՄԱԿ-ի ԳԱ-ի նոր բանաձևը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձևով դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր է հռչակել։ Այդ կապակցությամբ Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) առանձնահատոկ շնորհակալական խոսք է հղել Հայաստանին` բանաձևի ընդունման գործում մեծ ներդրումի համար, գրում է Tert.am-ը՝ globalr2p.org կայքին հղումով։

Նշվում է, որ 2014-2015-ին միջազգային հանրությունը ոգեկոչել է նախորդ դարում կատարված ամենասոսկալի ոճիրների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում կարմիր կխմերների իրագործած սպանդի 40-րդ տարելիցը, ինչպես նաև Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների զոհերի հիշատակը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հիմնական առաքելությունն է հիշել անցյալում իրագործված սարսափելի ոճիրները՝ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար:

Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Օրենքի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

Ըստ հեղինակների, այս փոփոխությամբ կհարգվի բոլոր ցեղասպանությունների զոհ դարձածների հիշատակը:

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել է ավելի քան 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով»,-ասվում է փաստաթղթում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---