Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահները ցանկանում են արագացնել բանակցությունները

Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահները ցանկանում են արագացնել բանակցությունները

PanARMENIAN.Net - Տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են խաղաղությանը, իսկ առաջնորդների կողմից քաղաքական կամք կպահանջվի բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում:

«Առաջնորդների կողմից քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի որոշեն, որ ժամանակն է եկել խաղաղության և մենք՝ համանախագահներս, Միացյալ Նահանգները, ցանկանում ենք օգնել բանակցությունների միջոցով հասնելու կարգավորմանը և տևական խաղաղության հաստատմանը: Ժամանակը եկե՛լ է, և ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որն այն տարածաշրջան կբերի խաղաղությունը: Տարածաշրջանն՝ ինքը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել», - նշել է Ուորլիքը:

Այդ համատեքստում նա տեղեկացրել է , որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին ասել են, որ իրենք ցանկանում են արագացնել բանակցությունները:

«Եւ մենք դա ողջունում ենք: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք, և կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Այնպես որ, մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել և աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ», - հայտնել է Ուորլիքը:

Անդրադառնալով շփման գծում գրանցված բռնությունների աստիճանի սրմանը, համանախագահը ասել է, որ դա համանախագահներին շատ է մտահոգում:

«Երբ ես ստանձնեցի համանախագահի պաշտոնը, վտանգը բխում էր դիպուկահարների կողմից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում: Մարտավարությունը, սակայն, փոխվել է. այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր և այլ ծանր հրետանի է օգտագործվում, և ցավոք մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է, և մենք պնդում ենք, որ կողմերն անեն ամեն ինչ՝ այս կորուստներից խուսափելու համար», - շեշտել է Ուորլիքը՝ հավելելով, որ Մինսկի խումբը երկար ժամանակ աջակցել է ԵԱՀԿ-ի շրջանակում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, և հույս ունի, որ Ադրբեջանն այդ հետաքննության մեխանիզմը ճանաչելու միջոց կգտնի։

Նա նկատել է, որ չնայած ԵԱՀԿ-ի և Մոսկվայի միջև բազմաթիվ լարվածությունների, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ:

«Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ գործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ: Եվ մենք հանդիպում ենք երես առ երես: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման հայթայթման գործընթացում», - ասել է համանախագահը:

Հարցին, թե 20 տարիների ընթացքում կողմերը ավելի են մոտեցել խաղաղության հաստատմանը, նա պատասխանել է, թե անցյալում կային հնարավորություններ, որոնք իրենք բաց ենք թողել: Սակայն այժմ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը, որպեսզի խորացվեն բանակցությունները և պատրաստվեն նախագահների հանդիպումը, որը, հույս ունեն, տեղի կունենա տարվա վերջին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Դեռ մայիսին հայտնի դարձավ, որ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

2014-ի օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որին կողմերը հաստատեցին խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու մտադրությունը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կողմ հանդես եկան ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը և հույս հայտնեցին, որ Ռուսաստանը կաջակցի այդ գործում:

Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---