14 սեպտեմբերի 2015 - 13:04 AMT
Առաջիկա օրերին ՀԱՊԿ նախագահությունը կստանձնի ՀՀ-ն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին: Դուշանբեի նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում կստանձնի նախագահությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Էդվարդ Նալբանդյանը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում Հայաստանն առաջիկա տարվա համար կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը։

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ևս կմեկնի Տաջիկստան։

Պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ-ի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։