14 սեպտեմբերի 2015 - 13:47 AMT
Աղբյուր. Ահաբեկիչները կրկին գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասերը

Ահաբեկիչները ականանետային կրակ են բացելՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի ուղղությամբ: Զոհվել է երկու բնակիչ, ութը վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ քաղաքի ոստիկանության աղբյուրներին հղումով:

«Բաբ Թումա թաղամասը կրկին ենթարկվել է ականանետային գնդակոծման: Կրակի տակ է հայտնվել նաև Դամասկոսի գավառի Մարունե քաղաքը: Ականներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա, ծանր վիրավորվել է նորածին երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը:

Մինչդեռ, Զաբադանի քաղաքում, որը Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում, Սիրիայի բանակը և «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման գրոհայիններն անցել են հակահարձակման և հսկողության տակ վերցրել մոտ 10 շինություն և ալ-Ռահմա մզկիթը քաղաքի կենտրոնում:

Սեպտեմբերի 3-ին Հայ-արաբական իրավական միության քարտուղար Վահե Մահշիկյանը հայտնել է, որ Սիրիայի հայկական թաղամասերնամբողջությամբ պետական ուժերի վերահսկողության տակ են գտնվում:

BBC-ի ռուսական ծառայությունը սեպտեմբերի 2-ին տեղեկություն էր տարածել, որ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Ջիհադականները մոտենում են քաղաքի կենտրոնին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները հետ գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել: Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Դամասկոսի հայաբնակ շրջաններում իրավիճակի հետ կապված դեռևս տեղեկություն չունեն:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։