14 սեպտեմբերի 2015 - 15:24 AMT
Kamugundemi. Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի օրակարգում է նաև ԼՂ հիմնահարցը

Թուրքիայի ժամանակավոր կառավարության նորանշանակ արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրօղլուն սեպտեմբերի 15-ից 18-ը պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:

Սինիրօղլուն այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամմեդիարովի, ինչպես նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Վերոնշյալ հանդիպումների ժամանակ բացի երկկողմ հարաբերություններից, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, Սիրիայում և Իրաքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև փախստականների հարցը, Kamugundemi-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Արտգործնախարարի պաշտոնում սա Սինիրօղլու 2-րդ արտասահմանյան այցն է: Առաջինը կատարել էր սեպտեմբերի 7-ին հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն: Սինիրօղլուն, սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով մեկնելով Ղազախստան և մասնակցելով Թյուրքախոս եկրների գործակցության խորհրդի 5-րդ գագաթնաժողովին, կրկին խոսել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պաշտոնական թեզերը:

Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր:Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը: