14 սեպտեմբերի 2015 - 16:07 AMT
Ասադով. Եվրախորհրադարանի բանաձևի նպատակներից է ԼՂ հիմնախնդրում Բաքվին պայմաններ թելադրելը

Եվրախորհրադարանի՝ սեպտեմբերի 10-ին ընդունած հակաադրբեջանական բանաձևի նպատակներից է Ադրբեջանի մեկուսացումը Եվրոպայից, երկրի հեղինակությանը վնասելը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բաքվին որոշակի պայմաններ թելադրելը: Այս մասին ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:

Ասադովը մեջլիսի արտահերթ նիստին պատրաստվում է խորհուրդ տալ Նախարարների կաբինետին վերանայել Ադրբեջանի ու «Եվրանեսթի» գործակցությունը:

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրադարանի կողմից ընդունած հակաադրբեջանական բանաձևի հարցով սեպտեմբերի 14-ին արտահերթ նիստ է գումարել։

Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, մեջլիսի խոսնակը հայտարարել է, որ «վերոհիշյալ բանաձևը ձևական ու կանխակալ բնույթ է կրում», գրում է Tert.am-ը:

«Եվրախորհրդարանում կազմակերպվել է Ադրբեջանի դեմ ուղղված հերթական քաղաքական ակցիան։ Սեպտեմբերի 10-ին կայացած նիստի ժամանակ Ադրբեջանի դեմ չարախոսել են։ Անցած 2 տարվա ընթացքում Եվրախորհրդարանն Ադրբեջանի դեմ ընդունել է մեծ թվով կանխակալ փաստաթղթեր»,-ասել է պաշտոնյան` հավելելով, որ «այս անգամ Եվրոպան խախտել է վարվեցողության բոլոր կանոնները»։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Հարցի առնչությամբ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Եվրամիության ներկայացուցիչ Մալենա Մարդը։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երկրում ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է Ադրբեջանի տեսակետն ու նշել, որ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում էԵվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։

Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: