14 սեպտեմբերի 2015 - 16:45 AMT
Չեխիայի փոխվարչապետը կոչ է անում Եվրամիությանը փակել Շենգենի արտաքին սահմանները

Չեխիայի փոխվարչապետ Անդրեյ Բաբիշը կոչ է արել Եվրամիությանը փակել Շենգենի արտաքին սահմանները: «Հարկավոր է փակել Շենգենի արտաքին սահմանները և պաշտպանել դրանք դրսից, ոչ թե ներսից»,-ասել է Բաբիշը, որը փոխվարչապետի պաշտոնից բացի գլխավորում է նաև ֆինանսների նախարարությունը և հեղինակավոր ANO քաղաքական շարժման առաջնորդն է: Նա նաև Չեխիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է ըստ Forbes-ի ունենալով 2,5 մլրդ դոլարի կարողություն:

Ըստ Բաբիշի, քանի որ փախստականների մի մասն արդեն Եվրոպայում է, հարկավոր է կարեկից լինել նրանց և օգնել, սակայն միաժամանակ և արագ կերպով սիստեմային լուծում է պետք գտնել կասեցնելու համար միգրանտների հոսքը Եվրոպա:

«Այստեղ քաոս է տիրում: Շենգենի առանձին անդամներ փորձում ն ինքնուրույն շտկել իրավիճակը, աղետալի սցենարները ենթադրում են բանակի միջամտություն և ուղղակի անհնար է դիտել թե ինչպես են խախտվում բոլոր համաձայնագրերը»:

«Տիկին Մերկելը սկզբից կանչեց բոլոր փախստականներին ու տնտեսական միգրանտներն Գերմանիա, իսկ այժմ զարմանում է, որ հանգստյան օրերին արդեն 10 հազար մարդ է ներգաղթել»,-հավելել է փոխվարչապետը` անդրադառնալով Ավստրիայի հետ սահմանին հսկողության հաստատմանը Գերմանիայի կողմից:

Ըստ Բաբիշի, անհեթեթ վիճակ է ստեղծվել, երբ, օրինակ, չեխական ֆիրմաները ստիպված են լինում ամիսներով փաստաթղթեր ձևակերպել շենգենյան արտոնագրեր ստանալու համար Ուկրաինայից իրենց անհրաժեշտ բանվորների համար, մինչդեռ Եվրոպայի տարածքում են հայտնվում տասնյակ հազարավոր մարդիկ երրորդ երկրներից, որոնք ընդհանրապես փաստաթղթեր չունեն:

Վերջին 2 օրերին Գերմանիան, Չեխիան ու Սլովակիան հսկողություն են հաստատել Ավստրիայի հետ սահմանին` կասեցնելու համար փախստականների անկառավարելի հոսքը: Ավստրիան և Սլովակիան նույնպես վերականգնում են հսկողությունը Հունգարիայի հետ սահմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրոպական իշխանությունները սեպտեմբերի 14-ին ներգաղթյալների առանձնապես մեծ հոսք են ակնկալում, քանի որ Գերմանիան ժամանակավորապես վերականգնում է սահմանային հսկողությունն Ավստրիայի հետ, իսկ սեպտեմբերի 15-ից Հունգարիայում խստացվում է միգրացիոն օրենսդրությունը: Սեպտեմբերի 15-ից բոլոր նրանք, ով ապօրինի կհատեն հունգարա-սերբական սահմանը, կձերբակալվեն, իսկ սահմանը կհսկեն նաև զինվորականները:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: