14 սեպտեմբերի 2015 - 17:18 AMT
ՀՀ-ից ՌԴ պանրի արտահանումը 2015-ի առաջին կիսամյակում կրկնապատկվել է

2015-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել երկու անգամ ավելի շատ պանիր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռուսաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Կոնստանտին Լայկամի հրապարակած տվյալների վրա հղումով:

Լայկամը նշել է, որ կրճատվել են ԵՄ երկրներից ՌԴ ներմուծման ծավալները: ԵՄ-ից 2014-ի համեմատ 14 անգամ քիչ կաթնաշոռ ու պանիր է ներմուծվել: Դրա փոխարեն Ռուսաստանն ավելացրել է սեփական արտադրությունն ու ԱՊՀ, Լատինական Ամերիկայի երկրներից, ինչպես նաև Չինաստանից ներմուծման ծավալները, գրում է Panorama.am-ը:

Բելառուսից պանրի ներմուծման ծավալներն ավելացել են 3 անգամ, Ուրուգվայից՝ 10 անգամ, Հայաստանից ու Շվեյցարիայից՝ 2 անգամ:

Ձկան շուկայում էլ Նորվեգիայի բացը լրացրել են Չիլին, Չինաստանը, Պերուն, Էկվադորը, Ճապոնիան, Ինդոնեզիան:

Ռուսաստանի Բելգորոդ շրջանում օգոստոսի սկզբին ոչնչացվել է պատժամիջոցների ենթարկված պանրի առաջին խմբաքանակը։ Կարծր կենցաղային թափոնների աղբավայրում բուլդոզերով ոչնչացվել է տասը տոննայից ոչ պակաս պանիր:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ի հունվար-հուլիսին կազմել է $2 մլրդ 657 մլն՝ 19.9%-ով կրճատվելով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2015-ի առաջին կիսամյակում նվազել է 21.9%-ով՝ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հ Հ-ից դեպի ՌԴ արտահանումը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է մոտ $70,8 մլն՝ 2014-ի նույն ժամանակահատվածի $133.8 մլն-ի փոխարեն, իսկ ներկրումը՝ $420,3 մլն`նվազելով 15.1%-ով: