14 սեպտեմբերի 2015 - 17:48 AMT
Օլանդը պարգևատրել է ահաբեկչությունը կանխած հայազգի դասախոսին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատվո շքանշանով է պարգևատրել օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրած հայ դասախոս Մարկ Մուգալյանին՝ ի նշան նրա ցուցաբերած արիության՝ կանխելու ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնությ ունը՝ Twitter-ի իր էջում:

Օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զինված Այուբ Էլ-Խազանիի հետ կռվի մեջ է մտել Փարիզի Սորբոնի համալսարանում աշխատող 51-ամյա դասախոս Մարկ Մուգալյանը։Նա օգնության է հասել բանկի 28-ամյա ֆրանսիացի աշխատողին, ով փորձել է դիմադրել Էլ-Խազանիին: Դասախոսը գործել է բնազդաբար՝ ցանկանալով պաշտպանել իր կնոջը՝ Իզաբելա Ռիսաչերին, ով նույնպես եղել է գնացքում: Մուգալյանը փորձել է վերցնել «Կալաշնիկով» զենքն Էլ-Խազանիի ձեռքից, որը, սակայն, մեկ այլ զենքով կրակել է Մուգալյանի ուղղությամբ՝ դիպչելով վերջինիս պարանոցին: Այդ ժամանակ գնացքում գտնվող ԱՄՆ երեք քաղաքացի, որոնցից երկուսը զինծառայողներ են եղել, օգնության են հասել և զինաթափել հարձակվողին:

Միջադեպից հետո Ֆրանսիայի նախագահը կապվել է Մուգալյանի հետ և հրավիրել ճաշի, երբ վերջինս ապաքինվի:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում Արաս քաղաքի մոտակայքում: Գնացքն արտակարգ կերպով կանգնեցրել են կայարանում, որտեղ չարագործին հանձնել են ոստիկանությանը։

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, հարձակվողը 26-ամյա մարոկկացի է, ով կապված է ծայրահեղ իսլամիստական շարժման հետ: