14 սեպտեմբերի 2015 - 18:36 AMT
ԼՂՀ նախագահ. ԶՈՒ մարտունակության բարձրացումն Արցախի կարևորագույն խնդիրներից է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին:

Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի և հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը եղել է և կմնա պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19.000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: