ՀՀ-ն ստանձնեց ՀԱՊԿ-ում նախագահությունը. Առաջնայնություններից է կառույցի ներուժի մեծացումը

ՀՀ-ն ստանձնեց ՀԱՊԿ-ում նախագահությունը. Առաջնայնություններից է կառույցի ներուժի մեծացումը

PanARMENIAN.Net - ՀՀ-ն Տաջիկստանի Հանրապետությունից ստացել է ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով:

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում մենք քննարկեցինք դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարումը և նախանշեցինք 2016-ի ծրագրերը: Հայաստանը Տաջիկստանի Հանրապետությունից ստացավ ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Նիստի արդյունքներով ընդունվել է Հայտարարություն, որում ամրագրված են ՀԱՊԿ ձևաչափով մեր փոխգործակցության բոլոր հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների գնահատականները», - ասել է Սարգսյանը՝ ներկայացնելով առաջիկա տարում Հայաստանի նախագահության առաջնայնությունները, մասնավորապես.

- ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ համաձայն Կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա:

- ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:

- ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:

- ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում:

«Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարևոր նշանակություն ենք տալիս նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը», - ասել է նախագահը:

Սարգսյանըայդ ուղղությամբ որպես առաջին գործնական քայլ առաջարկել է 2016-ին Հայաստանում համաժողով անցկացնել՝ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբեռտարածքում անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ, գրում է Ռիա-Նովոստին:

Նա հավելել է, որ ակտիվ աշխատանք է տարվում Կազմակերպության ուժային բաղկացուցչի ներուժի բարձրացման ուղղությամբ:

Սարգսյանը ընդգծել է , որ 2015-ի մայիսին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ անցկացվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում: Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի ամբողջ համակազմը՝ ավելի քան 2.5 հազար զինծառայող, անդամ պետությունների օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ Միացյալ շտաբը:

«Արագ արձագանքման հավաքական ուժերը ի զորու են ըստ իրենց նշանակության արագ արձագանքել ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում մարտահրավերներին ու սպառնալիքներին և պատրաստ են ետ մղել զինված հարձակումը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիան», - նշել է Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ նստաշրջանի արդյունքներով որոշում է ընդունվել ՀԱՊԿ հավաքական օդային ուժերի՝ Կազմակերպության ուժային բաղկացուցչի կարևորագույն տարրի վերաբերյալ: Համաձայնագիր է ստորագրվել ռազմական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում գործակցության մասին: Որոշում է կայացվել երկարացնել Համաձայնագրի գործողության ժամկետը, որը կանոնակարգում է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության հարցերը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի ղեկավարի վերաբերյալ, Կազմակերպության գործունեության այլ կազմակերպչական և վարչարարական-ֆինանսական հարցերով, հաստատվել է գալիք տարվա բյուջեն:

Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող ՀՀ նախագահը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը շարունակել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը:

Նստաշրջանի ավարտից հետո Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփել են նստաշրջանի արդյունքները:

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ինհանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։ Նախարարները զրուցել են երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։

Հանդիպման օրակարգում են եղել ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։

Տաջիկստանի մայրաքաղաքում ավարտված ՀԱՊԿ անդամ վեց երկրների ԱԳ, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի արդյունքներով ՌԴ ՊՆ հենքի վրա կստեղծվի ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոն: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվեն խաղաղապահ ուժերի «Անխախտ բարեկամություն-2015» զորավարժություններ հավաքական անվտանգության համակարգի օպերատիվ և մարտական պատրաստականության կատարելագործման շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---