26 նոյեմբերի 2002 - 22:43 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՇԻՆԳՈՏՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՄԱՄԲ
Պաշտոնական Վաշինգտոնը մտահոգված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության ձգձգմամբ, որի բնապահպանական անվտանգությունը չի հաստատում Վրաստանի շրջակա միջավայրի նախարարությունը: Այդ հարցի քննարկման համար Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Կասպիայի էներգապաշարների հարցերով հատուկ խորհրդատու Սթիվեն Մաննը: «Կասպիական նորություններ» գործակալության տեղեկատվության համաձայն` նավթամուղի շինարարության սկսման ժամկետները հարցականի տակ են, քանի որ Վրաստանի շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաեւ հոլանդացի եւ ֆրանսիացի փորձագետները պնդում են փոխել նավթամուղի երթուղին, որը հաստատված նախագծի համաձայն պետք է անցնի Բորժոմի հանքային ջրի աղբյուրների մոտակայքով: Այդ հատվածում հնարավոր վթարը, գտնում են նրանք, կոչնչացնի աղբյուրները: Փորձագետները պնդում են, որ նավթամուղի շինարարությունը պետք է իրականացվի Հարավային Վրաստանի Ախալցխայի շրջանի միջով: Տարածաշրջանը բնակեցված է հիմնականում հայերով, եւ կենտրոնական վրացական իշխանությունների կողմից ոչ լիովին է հսկվում: Բացի այդ, տարածաշրջանը բարդ աշխարհագրական ռելիեֆ ունի, որը կհանգեցնի շինարարության թանկացման եւ նախագծի ժամկետների մեծացման: Նավթամուղի երկարությունը Վրաստանի տարածքով, ըստ հաստատված նախագծի` 235 կմ է: Սթիվեն Մաննի խոսքերով` «ԱՄՆ չեն առաջարկի փոփոխել նավթատարի երթուղին, քանզի նախագիծը բնապահպանական առումով լավն է»: