16 սեպտեմբերի 2015 - 10:39 AMT
Ասադ. Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում «անվտանգության գոտու» ստեղծումն անթույլատրելի է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անընդունելի է համարում Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում «անվտանգության գոտու» ստեղծման գաղափարը, որն առաջ է տանում Անկարան:

«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ Թուրքիայի հետ սահմանին ահաբեկիչներ չեն մնա, նշանակում է, որ մյուս շրջաններում նրանք այնուամենայնիվ կլինեն: Նման հռետորաբանությունը մեզ համար անընդունելի է: Ահաբեկչությունը պետք է ոչնչացվի ամենուր: Ավելի քան 3 տասնամյակ է մենք կոչ ենք անում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային դաշինք ստեղծել»,-հայտարարել է Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ թուրքական ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու հարցը: Ըստ նրա, եթե այդ տարածքում հայտնվեն «Իսլամական պետության» գրոհայինները կամ ՔԱԿ զինյալները, ԱՄՆ և Թուրքիային զինուժը հարվածներ կհասցնի նրանց դիրքերին: ԱՄՆ Պետդեպն իր հերթին հայտարարեց, որ նշված համաձայնագրում շեշտը դրված է թուրքական ռազմական ենթակառուցվածքների օգտագործման վրա:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Սիրիայում քրդերին ինքնավարության տրամադրման հարցը հնարավոր կլինի քննարկել միայն ահաբեկչական խմբավորումներին հաղթելուց հետո, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը` Սիրիայի ամբողջականության պահպանման պայմանով, հայտարարել է Սիրիայի նախագահը:

«Երբ վերջ կտրվի ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ ահաբեկչական կազմակերպություններին, հնարավոր կլինի քննարկել քրդերի և որոշ քրդական կուսակցությունների պահանջը համազգային ձևաչափով: Ուստի ոչ մի արգելված թեմա գոյություն չունի, քանի դեռ այդ ամենը մնում է Սիրիայի որպես պետության ամբողջականության սահմանում, բխում է ահաբեկչության դեմ պայքարի ոգուց, մեր երկրի ազգային, կրոնական բազմազանության առանձնահատկությունից»,-հայտարարել է Ասադը:

Նա նշել է, որ վարչական կառուցվածքը փոխելու պահանջով հանդես եկող սոցիալական խմբերը պետք է «համոզեն Սիրիայի ժողովրդին, որ իրենց առաջարկը հիմնավորված է, քանի որ նրանց նախաձեռնությունը երկխոսություն է ենթադրում ոչ թե պետության, այլ ժողովրդի հետ»: «Մենք մեր հերթին, բնականաբար, կտանք մեր համաձայնությունը, եթե Սիրիայի ժողովուրդը որոշի շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Ասադը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։