Հունգարիայի ոստիկանությունն ուժ է կիրառել ներգաղթյալների դեմ

Հունգարիայի ոստիկանությունն ուժ է կիրառել ներգաղթյալների դեմ

PanARMENIAN.Net - Հունգարիայի ոստիկանությունն ուժ է կիրառել ներգաղթյալների դեմ, որոնք փորձում էին Սերբիայից մուտք գործել այդ երկիր: Ինչպես հայտնել է BBC-ն, ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել, երբ ներգաղթյալները վանկարկելով «բացեք դարպասները», սկսել են քարեր նետել ոստիկանների վրա: Ըստ որոշ տվյալների, մի խումբ միգրանտներ փորձել են անցնել Հունգարիա փշալարերի միջով:

Բախումների վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ նշանակության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա:

Հունգարիայի ԱԳՆ-ն հորդորել է Սերբիայի իշխանություններին նույնպես ուժ կիրառել միգրանտների դեմ: «Մենք փախչում ենք պատերազմից և բռնությունից մեր երկրում և նման վերաբերմունքի չէինք սպասում Եվրոպայում»,-ասել է Իրաքից փախստական Ամիր Հասանը:

«Նրանք ուղղակի միգրանտներ չեն, ուղղակի խաղաղ մարդիկ չեն, որոնք ցանկանում են այլ երկրում հաստատվել: Նրանք ագրեսիվ են իրենց պահում, և ոչ միայն մեզ մոտ: Նրանք ագրեսորներ են, որոնք գնացքներ են կանգնեցնում և ոչ միայն Հունգարիայում, այլ ամբողջ Եվրոպայի տարածքում»,-իր հերթին հայտարարել է Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՄԱԿ փախստականների գծով գործակալությունը մեղադրել է Հունգարիային միգրանտների դեմ բռնություն կիրառելու համար, որոնց թվում կային կանայք և երեխաներ:

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայի իշխանությունները խստացրեցին օրենսդրությունն ու կտրուկ սահմանափակեցին մուտքը երկիր, որի հետևանքով վերջին 24 ժամում հազարավոր փախստականներ են կուտակվել հունգարա-սերբական սահմանին:

Ըստ սահմանի պաշտպանության և միգրացիայի մասին նոր օրենքի, բանակը մասնակցելու է սահմանի հսկողությանը, իսկ սահմանի ապօրինի հատման համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում, արտաքսում հետ` Սերբիա, ինչպես նաև փախստականի կարգավիճակի տրամադրման մասին հարցումների արագացված ուսումանսիրում և մարդկանց մաքսանենգության համար քրեական պատժի խստացում:

Տարեսկզբից Հունգարիա է մուտք գործել մոտ 500 հազար ներգաղթյալ, որոնց շարքերն ամեն օր համալրվում են հազարավոր նոր փախստականներով:

Հունգարիայի իշխանությունները հայտարարեցին նաև, որ հետ կուղարկեն բոլոր նրանց, ով ժամանում է Սերբիայից, քանի որ նրանք պետք է դիմեն այնտեղ ապաստան ստանալու խնդրանքով: Մինչդեռ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զգուշացրել է, որ Հունգարիան սկսել է սահմանային պատ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին:

Սերբիայում ոստիկանները ստիպել են փախստականներին նահանջել սահմանային պատից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այժմ փախստականները նախկինի պես ճամբարում են, որը բացել են Սերբիայի և Հունգարիայի միջև չեզոք գոտում, սակայն արդեն պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Իրավիճակը դեռևս հանգիստ է:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---