18 սեպտեմբերի 2015 - 13:19 AMT
Պեսկով. Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԻՊ դեմ գործողության հարցը Դամասկոսի խնդրանքի դեպքում

Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Իսլամական պետության» դեմ գործողության մասին Դամասկոսի խնդրանքը, եթե վերջինս դիմի այդ հարցով: Սիրիայի ղեկավարության խնդրանքը, եթե այդպիսին լինի, որ Ռուսաստանի զինվորները սիրիացի զինվորականների հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, կդիտարկվի և կքննարկվի երկկողմ շփումների շրջանակում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը կարող է խնդրել Մոսկվային, որպեսզի ՌԴ զինված ուժերը մասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, եթե նման անհրաժեշտություն լինի:

«Եթե նման խնդրանք լինի, ապա բնականաբար, երկկողմ շփումների, երկխոսության շրջանակում այն կդիտարկվի և կքննարկվի: Առայժմ այդ մասին բարդ է խոսել նույնիսկ հիպոթետիկ»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Photo. AP