Օբաման հորդորել է 9 մլն ներգաղթյալներին ավելի ակտիվ լինել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հարցում

Օբաման հորդորել է 9 մլն ներգաղթյալներին ավելի ակտիվ լինել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ներգաղթյալներին ավելի ակտիվ լինել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հարցում, հայտնում է Associated Press-ը:

Իր տեսաելույթում, որը նվիրված էր սեպտեմբերի 17-ին նշվող Քաղաքացիության օրվան, Օբաման հայտարարել է. «Եթե դուք քաղաքացիություն ստանալու իրավունք ունեք, սկսեք այդ գործընթացը հենց այսօր: Միացեք մեզ` միասին մենք ավելի կհզորացնենք Ամերիկան»:

Այս պահի դրությամբ ԱՄՆ-ում կա մոտ 13,3 մլն ներգաղթյալ, որոնք օրինական են ապրում երկրում, որից 8,8 մլն կարող է հավակնել ԱՄՆ քաղաքացիության, հայտնում է Lenta.ru-ն:

Օբաման, որը երկրորդ անգամ ընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում 2012-ի նոյեմբերին, իր նախընտրական արշավի ժամանակ խոստացավ բարեփոխել միգարցիոն օրենսդրությունը: Եթե օրինագիծն ընդունվի, դա առաջին զգալի փոփոխությունը կլինի այդ ոլորտում 1986-ից ի վեր:

2013-ին Օբամայի վարչակազմը օրինագիծ մշակեց, որի համաձայն ապօրինի ներգաղթյալները կարող են 8 տարվա ընթացքում օրինական կարգավիճակ ստանալ, եթե սովորեն լեզուն և մի շարք այլ պահանջներ կատարեն: Բացի այդ, օրինագիծը թույլ է տալիս ապօրինի ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ-ում են գտնվում, դիմել վերջերս հայտնված Lawful Prospective Immigrant վիզաների համար («Օրինական ներգաղթյալ ապագայում») և օգտվել ապահովագրական հիմնադրամից: Օրինական կարգավիճակին կարող են հավակնել ոչ միայն եկվորները, այլ նաև նրանց օրինական ամուսիններն ու երեխաները:

Նոր տիպի արտոնագիր ստանալու և կացությունը ԱՄՆ-ում օրինականացնելու համար ներգաղթյալները պետք է ներկայացնեն կենսաչափական տեղեկություններ և տուրք վճարեն, ինչպես նաև ստուգելու է նրանց անցյալը` բացառելով քրեական ուղին: Արտոնագիրը հնարավորություն է տալիս ստացողին 4 տարի մնալ և աշխատել ԱՄՆ-ում` կարճ ժամկետով մեկնելով երկրից: Այդ ժամկետի ավարտից հետո ներգաղթյալները կրկին կարող են դիմել ու երկարացնել արտոնագիրը:

Ըստ օրինագծի, կարող են հավակնել նաև արտաքսման ենթակա ներգաղթյալները: Այնուամենայնիվ, օրինականացման ծրագրին չեն մասնակցում մեկ հանցագործության համար 1 կամ ավելի տարվա ազատազրկման դատապարտվածները կամ 3 տարբեր խախտումների համար 90 և ավելի օրվա ազատազրկման դատապարտվածները, եթե դրանք կատարվել են ԱՄՆ-ում:

8 տարի անց ներգաղթյալները, ըստ ծրագրի, կկարողանան փաստաթղթերը ներկայացնել գրին-քարտի համար: Այն ստանալու համար նրանց հարկ կլինի սովորել անգլերեն և ԱՄՆ պատմությունը և հարկեր վճարել: Հետո նրանք կկարողանան հավակնել քաղաքացիության:

Սպիտակ տան մշակած փաստաթուղթը ենթադրում է նաև հսկողության սաստկացում ԱՄՆ սահմաններին և ներգաղթի օրենսդրության խախտումներով զբաղվող դատավորների քանակի ավելացում: Բացի այդ, եթե օրինագիծն ընդունվի, բոլոր գործատուները, որոնք ունեն ավելի քան 1000 աշխատող, ստիպված կլինեն աշխատկիցների ստուգման նոր համակարգ կիրառել 2 տարվա ընթացքում, իսկ 250 աշխատակից ունեցողները` 3 տարի, մյուսները` 4 տարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---