21  18.09.15 - Երևանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացումը

ՀՀ-ում բացվել է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը. Խթանվելու է ուսման մեջ մրցակցությունը

ՀՀ-ում բացվել է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը. Խթանվելու է ուսման մեջ մրցակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 18-ին բացվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը: Բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ համալսարանի մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին:

Այցի ավարտին Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի հետ։

Համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող՝ 15-ը պետական պատվերի, 50-ը պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտությունով՝ կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ:

Մոսկվայի համալսարանի ռեկտորը լրագրողներին ասել է, որ համալսարանի ստեղծումը ցանկացած երկրում ու ցանկացած պահին իրադարձություն է, գրում է Tert.am-ը:

«Պատմաբանների հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում դարեդար պահպանվում են մարդու կողմից ստեղված երկու տեսակի կառույց՝ եկեղեցի ու համալսարան։ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում են սովորել Լերմոնտովը, Դոստոևսկին, Տուրգենևը, Պուշկինն է այստեղ ելույթ ունեցել։ Մենք յուրաքանչյուր տարի իրենց մասնագիտության մեջ ամբիցիոզ երիտասարդներ են տալիս հասարակությանը։ Նրանք ցանկացած երկրի ապագայի համար կարևոր մարդիկ են», - ասել է Սադովնիչիյը:

Նրա խոսքով՝ Դիմորդների թիվն ավելի շատ էր, բայց քննությունների արդյունքում ընդունվեցին 65-ը։

«Մեր վերլուծությունների համաձայն ավելի քան 100 ուսանող կարող ենք ընդունել հաջորդ տարի, իսկ ընդհանուր շենքային պայմանները թույլ են տալիս շատ ավելի ուսանողներ ընդունել», - նկատել է ռեկտորը:

Ինչ վերաբերում է վարձավճարներին, ապա նա նշել է, որ դրանք տարբեր են՝ կախված ֆակուլտետից, սակայն ամենացածր գինը 1 մլն 500 հազ. դրամ է տարեկան և ամենաբարձրը՝ 1 մլն 800 հազ. դրամ։

ՀՀ կրթության ու գիտության նախարարը նշել է, որ այս մասնաճյուղի բացմամբ Հայաստանում խթանվելու է մրցակցությունը ուսումնական ոլորտում։

«Պետք է ասեմ, որ բոլոր բուհերը դժգոհ են այս բուհի բացման առիթով, ինչու՞, որովհետև ակնհայտ է՝ ուսանողների համար պայքար է գնալու։ Ինձ համար ուրախալի է սա, որովհետև բերելու է կրթության որակի հետևողական աճի։ Այսօր ուսանողին դժվար է խաբել, նրանք ուզում են ընտրել լավագույնը։ Ես հույս ունեմ, որ այս համալսարանը կհարստացնի մեր կրթական ներկապնակը», - ասել է Աշոտյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանն էլ նշել է, որ շատ բարձր է գնահատում այս համալսարանի մասնաճյուղի առկայությունը Հայաստանում, քանի որ անգամ Հայաստանի մտավորականության, կրթության ու գիտության հեղինակավոր բարձր մակարդակի մասնագետների մեծ մասն ավարտվել է Լոմոնոսովի պետական համալսարանը։

2014-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կրթության և գիտության ու Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի միջև Երևանում «ՄՊՀ մասնաճյուղի» ստեղծման և դրա գործունեության պայմանների մասին համաձայնագրի ստորագրմանը։

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևան քաղաքի մասնաճյուղը հանդիսանում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ առաձնացված կառուցվածքային միավոր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---