ԶԼՄ-ներ. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նաև 2016-ին

ԶԼՄ-ներ. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նաև 2016-ին

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու ԱՄՆ-ն մտադիր են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նաև 2016-ին: Այդ երկրների իշխանություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարները միայն կվատթարանան, գրում է Bloomberg-ը:

Ակնկալվում է, որ «նորմանդական քառյակի»` Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն Մինսկի խաղաղ համաձայնությունների երկարաձգման հարցը հոկտեմբերի 2-ին Փարիզում կայանալիք գագաթնաժողովում: Հրադադարի երկարացումը կնշանակի պատժամիջոցների պահպանում, հայտնել են 4 պաշտոնյաներ ԳԴՀ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից`չցանկանալով հրապարակել անունները:

Պաշտոնյաներից մեկը ծանր բանավեճ է կանխատեսել: Ըստ նրա, որոշ պատժամիջոցներ կարող են հանվել փոխզիջման հասնելու նպատակով:

Բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես սերտորեն կապված է ԵՄ իր գործընկերների հետ և պատրաստ է սատարել պատժամիջոցներին, եթե Ռուսաստանը չկատարի խաղաղ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, հայտնում է Lenta.ru-ն:

Մասնավորապես, Կիևն ու Արևմուտքի երկրները դժգոհ են, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ինքնուրույն ընտրություններ են անցկացնում` դրանով իսկ խախտելով համաձայնագրի պայմանները:

Սեպտեմբերի 14-ին Եվրամիությունը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը մինչև 2016-ի մարտ ամիսը երկարացնելու որոշմանը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ԵՄ-ում սեփական աղբյուրի վրա հղումով: Ըստ գործակալության, որոշումը կայացվել է Ընդհանուր գործերի խորհրդի նիստում: Այսպիսով, պատժամիջոցների են ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձիք Ռուսաստանից և Ուկրաինայից, որոնց եվրոպացի պաշտոնյաները մեղսակից են համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը:

Սեպտեմբերի 2-ին ԵՄ անդամ երկրների Մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշեց երկարացնել պատժամիջոցները կես տարով` մինչև 2016-ի մարտը: Պատժամիջոցները ուժի մեջ էին մինչև սեպտեմբերի 15-ը:

Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը մեղսակից ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց դեմ գործող պատժամիջոցները երկարացնելու մասին որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ից, հայտնել է աղբյուրը ԵՄ-ում: «Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ին ԵՄ պաշտոնական մատյանում հրապարակումից հետ»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի մարտից արևմտյան երկրներն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: 2015-ի մարտին ընդլայնվեց ԱՄՆ պատժամիջոցների ցանկը, իսկ հունիսին` Կանադայի պատժամիջոցների ցանկը: Բացի այդ, հունիսի 22-ին Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում երկարացրել են տնտեսական պատժամիջոցների գործողությունների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---