19 սեպտեմբերի 2015 - 11:23 AMT
Պան Գի Մունը կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին 24-ժամյա հրադադար հայտարարել սեպտեմբերի 21-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին դադարեցնել մարտական գործողությունները սեպտեմբերի 21-ին` Խաղաղության միջազգային օրը: Այդ օրվան ընդառաջ նա կոչ է արել ՄԱԿ բոլոր գործընկերներին սատարել այդ հորդորին և «անդադար աշխատել առաջիկա օրերին` հասնելու համար 24-ժամյա հրադադարի սեպտեմբերի 21-ին»:

«Եկեք Խաղաղության միջազգային օրն այս անգամ վերածենք բռնությունից զերծ օրվա, ներելու օրվա: Եթե մեկ օր կարողանանք խաղաղության մեջ ապրել, առանց ագրեսիայի ու թշնամանքի, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչերի կարող ենք հասնել»,-ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Նա հիշեցրել է, որ այս տարի օրվա կարգախոսն է`«Գործընկերությունը հանուն խաղաղության արժանիք է բոլորի համար», որը կարևորում է բոլոր խավերի համատեղ աշխատանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես լրագրողներին է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, սեպտեմբերի 21-ի առավոտյան Պան Գի Մունը ԳՎ 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտի և խաղաղության դեսպանորդներ Մայքլ Դուգլասի և Ջեյն Գուդոլլի հետ համատեղ կմասնակցի «Խաղաղության ղողանջի» արարողությանը:

116-կիլոգրամանոց զանգը ՄԱԿ-ին է նվիրել Ճապոնիան 1954 թվականին: Այն ձուլված է մետաղադրամներից, որոնք նվիրաբերել էին ՄԱԿ ազգային ասոցիացիաների 13-րդ գլխավոր խորհրդաժողովի մասնակից 60 երկրների ներկայացուցիչները: Խորհրդաժողովն անցել է Փարիզում 1951 թ.:

Մինչդեռ իրավիճակը մոլորակի տարբեր մասերում հեռու է խաղաղ լինելուց. Մերձավոր Արևելքի երկրներում չեն դադարում ռազմական գործողությունները, նոր թափ է սպառնում ստանալ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Եվրոպան հայտնվել է ծանրագւոյն միգրացիոն ճգնաժամի առջև, հեռու է հանգուցալուծումը Ուկրաինայի հակամարտությունը, ամեն օր տագնապալի լուրեր են ստացվում աֆրիկյան երկրներից:

Սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի խորհրդարանի Վերին պալատը հավանություն տվեց մի օրենքի, որով երկրի ազգային զինված ուժերը կարող են մասնակցել ռազմական գործողությունների երկրի սահմաններից դուրս, հայտնել է «Ռոյթերսը»: Քանի որ հուլիսին ստորին պալատն արդեն կողմ էր քվեարկել փաստաթղթին, օրենքն ընդունվեց վերջնականապես: Վարչապետ Սինձո Աբեն պարզաբանեց, որ օրենքն «անհրաժեշտ է պաշտպանելու համար մարդկանց խաղաղ ապրելակերպը, ինչպես նաև կանխելու համար զինված հակամարտությունները»:

Օրենքի ընդունումն ուղեկցվում էր բողոքի զանգվածային ցույցով խորհրդարանի շենքի մոտ: Ըստ ցուցարարների, փաստաթուղթը խախտում է երկրի պացիֆիստական սահմանադրությունը և կարող է ռազմական գործողություններ հրահրել 70 տարվա խաղաղ կյանքից հետո, հայտնում է Լենտա.ռու-ն:

Վարչապետ Աբեն կարծում է, որ Ճապոնիան պետք է պատրաստ լինի Չինաստանից բխող սպառնալիքին դիմակայել:

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի ջախջախումից հետո Տոկիոն Վաշինգտոնի ճնշմամբ պացիֆիստական սահմանադրություն ընդունեց, որով երկիրը հրաժարվեց պատերազմներիցն` որպես միջազգային վեճերի կարգավորման միջոց: Սակայն վերջին շրջանում, այդ թվում Չինաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում, Ճապոնիան սկսել է վերանայել սահմանադրության խաղաղ բնույթը: