Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերն Իրաքում. 55 գրոհային սպանվել է

Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերն Իրաքում. 55 գրոհային սպանվել է

PanARMENIAN.Net - Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առնվազն 55 գրոհային է սպանվել ՔԱԿ դիրքերի ուղղությամբ Թուրքիայի ավիահարվածների արդյունքում: Ավիահարվածները հասցվել են Իրաքի հյուսիսում գտնվող քրդերի դիրքերին, հայտնել է Reuters-ը աղբյուրների վրա հղումով:

Նշվում է, որ կործանիչները օդ են բարձրացել Դիարբեքիրում գտնվող ավիաբազայից, հայտնում է Գազետա.ռու-ն:

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժեցին Իրաք:Դա կարճաժամկետ գործողություն էր ՔԱԿ զինյալների դեմ: Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել էին զինյալներին ձերբակալելու համար, որոնք մասնակցել էին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին:

Թուրքիայի զինուժը (ԶՈւ) պաշտոնապես տվյալներ է հրապարակել այն մասին, թե 2015թ. հուլիսի 22-ից մինչ օրս Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-PKK) դեմ իրականացրած ռազմագործողություններում քանի քուրդ գրոհային (իրենց ձևակերպմամբ՝ ահաբեկիչ) է սպանվել, հայտնում է ermenihaber-ը:

Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով պաշտոբական աղբյուրին, նշում է, որ վերոնշյալ երկամսյա ժամանակահատվածում թուրքական բանակային ստորաբաժանումների կողմից PKK-ի դեմ իրականացրած օպերացիաներում սպանվել է 1198 քուրդ զինյալ: Ընդ որում այդ գործողություններն իրականացվել են թե Թուրքիայի սահմաններում և թե Թուրքիայի սահմաններից դուրս:

Թուրքական կողմը ևս զոհեր է տվել այդ ընթացքում: Նշվում է, որ վերջին 74 օրվա ընթացքում քրդերի հարձակումների հետևանքով սպանվել է 124 ուժային (զինվոր, ոստիկան):

Իսկ Թուրքիայի մի շարք նահանգներում ՔԱԿ-ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) զինյալների դեմ իրականացրած համապատասխան գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 2598 մարդ, որից 708-ը ձերբակալվել են:

Վերոնշյալ գործողություններում թուրքական ուժերը քրդերի դեմ օգտագործել են օդուժ, տանկեր և հրետանի:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---