26 հոկտեմբերի 2006 - 14:24 AMT
Տարածքների հարցը կքննարկվի միայն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կոնկրետ որոշումից հետո
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ հայկական եւ ադրբեջանական կողմի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության հարցում կարող են մերձենալ: Ինչպես հայտարարեց նախարարը չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, այդ կապակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 14-ին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւս մեկ հանդիպում անցկացնելու մասին: Ըստ Վ.Օսկանյանի, բրյուսելյան հանդիպումից հետո կորոշվի տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցելության ժամկետը եւ երկու երկրների նախագահների հանդիպման նպատակահարմարությունը: Վ.Օսկանյանը նկատել է, որ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն որոշ նոր մտքեր են արտահայտել կոնկրետ հարցերի շուրջ, իսկ Փարիզում հայկական կողմը ներկայացրել է իր մոտեցումները դրանց վերաբերյալ:

Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը կազմում է առաջարկների փաթեթի մի մասը: «Մենք կքննարկենք տարածքների հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կոնկրետ որոշումից հետո: Միայն այդ դեպքում մենք կքննարկենք տարածքների փոխանցման մանրամասները»,-ասել է նախարարը: Ընդ որում նա պարզաբանել է, որ տարածքներ ասելով հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի բոլոր տարածքները` հյուսիսային եւ արեւելյան, այդ թվում Մարտունին, Մարդակերտը եւ Շահումյանը: «Բոլոր տարածքները քննարկման առարկա են, սակայն այդ քննարկումները տարբեր հարթությունների վրա են»,-հավելել է Վ.Օսկանյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: