«Գազպրոմը» կարող է անցնել ռուբլով գործարքների. Հայաստանի համար դա շահավետ կլինի

«Գազպրոմը» կարող է անցնել ռուբլով գործարքների. Հայաստանի համար դա շահավետ կլինի

PanARMENIAN.Net - «Գազպրոմը» կարող է արտահանման վերաբերյալ նոր պայմանագրերում ներառել ռուբլով վճարելուն հնարավորությունը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա» պարբերականի, այս հարցը, մասնավորապես, նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 28-ին կայանալիք ընկերության տնօրենների խորհրդի նիստում:

Էժան ռուբլու պայմաններում հաշվարկները ռուսական ռուբլով շահավետ կլինեն ընկերության կոնտրագենտներին` դա թույլ կտա խուսափել ռիսկերից գնաճի կամ սակագների բարձրացման, տեղական արժույթի համեմատ դոլարի փոխարժեքի տատանումների դեպքում: Մասնավորապես, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ առաջարկեց ԵՏՄ երկրներին ռազմավարական ապրանքներով առևտրում օգտագործել ռուբլի` մասնավորապես, խոսքը հումքի և վառելիքի մասին է: Աբրահամյանը նաև մանրամասնել է, որ առաջարկն առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որպեսզի դրանց դիմաց Հայաստանը վճարի ռուբլով. դոլար-դրամ-ռուբլի տատանումներն առաջին հերթին ազդում են ՀՀ բնակչության վրա: «Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու, բայց կարևոր է այն, որ մենք հարց ենք ընդգրկել օրակարգում և կքննարկենք», - ասել էր վարչապետը:

Հայաստանը գազը ստանում է Ռուսաստանից և Իրանից, սակայն Իրանից ստացվող գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, իսկ սպառողը որպես գազ ստանում է միայն Ռուսաստանից ներկրվող վառելիքը: «Գազպրոմին» է պատկանում ՀՀ գազաբաշխիչ համակարգի 100 տոկոսը: Այնուամենայնիվ, պետությունների միջև գործարքը կատարվում է դոլարով: Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառնա, նրանք կվճարեն նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ 2015-ի հունվար-ապրիլին կազմել է մոտ $676, որի առյուծի բաժինը ($653մլն)Ռուսաստանի հետ է իրականացվել: 7 ամսում ՀՀ և ՌԴ միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 15% տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանից ՌԴ արտահանումը 2015-ի հունվար-հուլիսին նվազել է 35% և կազմել է մոտ $107.2 մլն 2014-ի նույն շրջանի $164.5 մլն դիմաց, իսկ ներմուծումը կազմել է $368.3 մլն` անկումը 14%:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---