Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծվում են. Ավելի քան 5 հայ է վիրավորվել

Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծվում են. Ավելի քան 5 հայ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Սիրիայի զինյալ խմբավորումները տասնյակ հրթիռներ են արձակում Հալեպի Ազիզիե, Նոր Գյուղ, Ժապրիե, Սուլեյման ալ Հալապի հայաշատ բնակավայրերի ուղղությամբ: Ռմբակոծությունների պատճառովվերջին օրերինզոհվել ու վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Վիրավորների թվում նաև հայեր կան։

Սեպտեմբերի 21-ին Նոր Գյուղի և Ժապրիեի շրջաններն են հրթիռակոծվել: Հայկական ծերանոցին կից գտնվող շենքի տանիքն է վնասվել, այլ փողոցներում ևս պայթյուններ են գրանցվել։

Սեպտեմբերի 20-ին Հալեպի Ազիզիե շրջանում ՀՄԸՄ պարտեզում պայթած ռումբի պատճառով փլվել է շենք, հրկիզվել են մի քանի ավտոմեքենաներ, գրանցվել են նյութական մեծ վնասներ, Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջին հղումով գրում է Tert.am-ը:

Հայաբնակ թաղամասերի ուղղությամբ արձակված հրթիռների պայթյունների հետևանքով, ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 5 հայ։

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ Նոր Գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով քանդվել են շենքեր։ Ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ։

Սիրիական բանակն իր հերթին ռազմական գործողություններ է իրականացրել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ կասեցնելով նրանց փորձը՝ անցնելու դեպի կառավարամետ շրջաններ։

Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օգոստոսի 11-ին նոր հարձակում է իրականացրել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սիրիացի ապստամբների վրա՝ տարածքներ գրավելով թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ այնտեղ, որտեղ Թուրքիան և Միացյալ Նահանգները նպատակ են դրել ջիհադական խմբից ազատ գոտի ստեղծել: Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում զոհ ու վիրավորներ կան։ Հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով: Ապրիլին քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով: Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել:

Պատերազմից առաջ Հալեպի հայ համայնքի թիվը, ենթադրաբար, 40-50.000 էր: Դպրոցներում 8.000 աշակերտ կար, և Հալեպը սփյուռքի միակ համայնքն էր, որտեղ հայ երեխաները միայն հայկական դպրոցներ էին հաճախում։ Այժմ ուսանողների թիվը 2.500-3.000-ի է հասել, դա էլ վկայում է այն մասին, որ Հալեպի հայերի 1/3-ն է մնացել Հալեպում։

2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---