23 սեպտեմբերի 2015 - 11:36 AMT
Microsoft Office 2016 փաթեթի վաճառքը մեկնարկում է սեպտեմբերի 23-ին

Microsoft ընկերության Office 2016 գրասենյակային հավելվածների նոր փաթեթը հասանելի կլինի գնումների համար 2015-ի սեպտեմբերի 23-ից: Ինչպես հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Սաթիա Նադելը, Օffice-ի վերափոխման հիմքում Microsoft-ի վերջին նորարարություններն են: Բոլորին ծանոթ աշխատանքային ծրագրերի շարքից նոր Օffice-ը վերածվել է միմյանց հետ կապված հավելվածների և ծառայությունների հավաքածուի, որոնք ստեղծված են արդյունավետ համատեղ աշխատանքի և գործակցության համար:

Հավելվածների փաթեթում ընդգրկվել են Word, PowerPoint, Excel, OneNote, Outlook, Project, Visio և Access ծրագրերի նոր տարբերակները: Նորացված Office 2016-ի գլխավոր առանձնահատկությունը փաստաթղթերի վրա համատեղ աշխատանքի լայն հնարավորությունն է: Այդպես, Word-ում, OneNote-ում և PowerPoint-ում հնարավոր կլինի իրական ժամանակի ռեժիմով հետևել բոլոր շտկումներին, որոնք կատարում են նախագծի մասնակիցները:

Օգտատերերն այժմ հեշտությամբ կկարողանան շարունակել աշխատանքը փաստաթղթերի վրա այն պահից, որտեղ կանգ են առել: Դրանում նրանց կօգնի ամենահաճախ օգտագործվող ֆայլերի ցանկը: Հատկանշական է, որ աշխատանքը հնարավոր կլինի վերսկսել ցանկացած սարքից:

Excel 2016-ը ևս անփոփոխ չի մնացել: Այն սերտորեն շաղկապված է Power BI ծառայության հետ և բազում դիագրամներ ունի: Outlook-ն այժմ կկարողանա արագ նոր տեղեկատվություն ստանալ և նույնիսկ ավտոմատ կարգով հեռացնել ոչ այնքան կարևոր նամակները:

Այս անգամ Microsoft-ն ամեն ինչ արեց, որպեսզի օգտատերերը կարողանան հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող տվյալները: Այդ նպատակով գործարկվել է որոնողական Tell Me մեխանիզմը (օգնական) և Smart Lookup (Ինտելեկտուալ որոնում) գործառույթը: