Instagram-ից օգտվում է ավելի քան 400 մլն մարդ

Instagram-ից օգտվում է ավելի քան 400 մլն մարդ

PanARMENIAN.Net - Լուսանկարների և տեսագրությունների փոխանակման համար նախատեսված Instagram հավելվածի օգտատերերի քանակը գերազանցել է 400 միլիոնը: Այդ մասին ծառայության պաշտոնական բլոգում հայտնել է հեղինակների թիմը:

Հերթական 100 մլն օգտատերն է գրանցվել ընդամենը 9 ամսում, ընդ որում նորեկների կեսից ավելին աքաունթներ է բացել Եվրոպայում և Ասիայում և միայն 25% ԱՄՆ-ում: Ըստ երկրների ամենաշատ աքաունթները բացվել են Բրազիլիայում, Ճապոնիայում և Ինդոնեզիայում: Այլ կերպ ասած ընդամենը 9 ամիս պահանջվեց սոցցանցին մեկ քառորդով օգտատերերի քանակն ավելացնելու համար:

Այդ ընթացքում բավականին լայն տարածում ստացած հավելվածի միջոցով աշխարհը տեսավ Պլուտոն մոլորակի մակերեսի առաջին լուսանկարները, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոնակատարությունը, ինչպես նաև այնպիսի թաքնված վայրեր, ինչպիսին է, օրինակ, Նամիբիայի անապատում գտնվող քաղաք-ուրվականը:

Ծառայությունը հայտնվեց 2012-ի հոկտեմբերին և ընդամենը 2 ամսում Instagram-ի օգտատերերի քանակը հասավ 1 միլիոնի: Իսկ 2013-ի փետրվարին ամենամսյա լսարանը կազմեց արդեն 100 մլն օգտատեր: Միջինը, ամեն օր օգտատերերը հավելված են ներբեռնում մոտ 80 մլն լուսանկար: Այս պահի դրությամբ սոցցանց է ներբեռնվել մոտ 40 մլրդ պատկեր:

Instagram հավելվածում ավելացել է գործառույթ, որը թույլ է տալիս լուսանկարներն ուղարկել անձնական հաղորդագրությունների միջոցով նորությունների շարքից կամ ուրիշի պրոֆիլից: Այսպիսով, անձնական հաղորդագրությունները հավելվածի ներսում վերածվել են մեսենջերի:

Ընդ որում, Direct ներդիրի հաղորդագրությունները փոխել են խմբավորման սկզբունքը` այժմ դրանք հավաքվում են ըստ զրուցակիցների, ոչ թե լուսանկարների: Այսպիսով, այժմ նույն մարդու հետ բոլոր լուսանկարներն ու անձնական հաղորդագրությունները կհայտնվեն նույն երկխոսության մեջ: Բացի այդ, նամակագրության էկրանին ավելացել է էմոդզիներով ստեղնաշար և տեսախցիկի գործարկման համար նախատեսված կոճակ:

Ժապավենից լուսանկար ուղարկելու համար հարկավոր է սեղմել սլաքով կոճակը, որը գտնվում է լայքի և մեկնաբանության պատկերակների հարևանությամբ: Այդպես են ուղարկվում Direct նաև հեշթեգներն ու գեոթեգերը: Դրանից հետո կհայտնվի երկխոսություն ընտրելու պատուհանը: Եթե խոսակցությանը մի քանի հոգի է մասնակցում, այն կարելի է վերանվանել: Օրիգինալ պոստը կբացվի նամակագրության մեջ լուսանկարը սեղմելու դեպքում: Սակայն եթե լուսանկարը ուղարկվի փակ աքաունթից, այն կտեսնեն միայն զրույցի այն մասնակիցները, որոնք լուսանկարի հեղինակի բաժանորդներն են:

Նախկինում թարմացումների ժապավենից կամ այլ պրոֆիլից լուսանկարով կիսվելու համար հարկ էր լինում մեկնաբանության մեջ ավելացնել այդ մարդու նիքնեյմը «@» նիշի միջոցով: Գործառույթի գործարկման պահին որևէ մեկի հիշատակումը «@» նիշի միջոցով առկա էր մեկնաբանությունների 40%-ում:

Անձնական հաղորդագրությունները հայտնվեցին Instagram-ում 2013-ի դեկտեմբերին: Գործառույթի գործարկումից հետո ԶԼՄ-ները սկսեցին գրել, որ այն այնքան էլ մեծ տարածում չի ստանում: Այժմ հեղինակները հայտնում են, որ հավելվածի 300 մլն օգտատերերից անձնական հաղորդագրություն է ուղարկել 85 մլն աքաունթից: Թարմացումը հասանելի է iOS և Android-ի համար նախատեսված հավելվածների 7.5 տարբերակից: Instagram-ը սոցիալական ցանցի տարրերով անվճար հավելված է լուսանկարների և տեսանյութերի փոխանակման համար։ Այն թույլ է տալիս լուսա և տեսանկարահանել, օգտագործել տարբեր ֆիլտրեր, ինչպես նաև տարածել դրանք սեփական ծառայության կամ մի շարք այլ սոցիալական ցանցերի միջոցով։ Instagram-ի լուսանկարները քառակուսի են, ինչպես Polaroid, Kodak Instamatic ակնթարթային լուսանկարչության և 6×6 միջին ֆորմատի ֆոտոխցիկների դեպքում։

2012թ. ապրիլին Instagram-ը գնվել է Facebook ընկերության կողմից։ Արժեքը կազմել է 300 մլն դոլար գումարային միջոցներով և ընկերության 23 մլն բաժնետոմս, ինչն ընդհանուր առմամբ կազմել է 1 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---