23 սեպտեմբերի 2015 - 10:32 AMT
Բորդյուժա. ՀԱՊԿ-ը մտադիր չէ զինուժ ուղարկել Սիրիա, բայց կարող է օգնել քաղաքական ազդեցությամբ, սպառազինությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարող է Սիրիային օգնել քաղաքական ազդեցությամբ, սպառազինության մատակարարումներով, բայց մտադիր չէ Սիրիա ուղարկել զինված ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ՀԱՊԿ նստաշրջանում Վլադիմիր Պուտինի՝ Սիրիային օգնելու համար կոալիցիա ստեղծելու վերաբերյալ խոսքերին:

Բորդյուժան նշել է, որ Պուտինի խոսքերը եղել են ելույթի ժամանակ (ոչ թե ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների քննարկումների ժամանակ), և ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն այդ հարցը չեն քննարկել, թեև կա Սիրիային օգնելու անհրաժեշտություն, հայտնում է razm.info-ն:

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր 2000 ռուս զինծառայողների Լաթակիայի ավիաբազայում տեղակայման մասին: Ըստ աղբյուրների, Մոսկվան որոշել է Սիրիայում 28 ինքնաթիռ տեղակայել` 4 ՍՈւ-27 կործանիչ, ՍՈւ-24 12 ռազմաճակատային ռմբակոծիչ և ՍՈւ-25 12 ինքնաթիռ, ինչպես նաև մոտ 20 ռազմական և տրանսպորտային ինքնաթիռ: Times of Israel-ը հայտնում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում քննարկման թեմա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը:

Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը կարող է Սիրիային զինված ուժերով օգնության հասնել, Բորդյուժան պատասխանել է, որ կազմակերպությունը ներկայանում է որպես իր անդամ պետությունների տարածքում գործող, դրանց անվտանգության համար աշխատող կազմակերպություն, և մտադիր չէ ներկայանալ որպես համաշխարհային խաղացող: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ը չունի նաև իրավական հիմք՝ իր ստորաբաժանումները այլ պետության տարածքում տեղակայելու համար:

ՀԱՊԿ քարտուղարը նշել է, որ կազմակերպության միակ զինված ստորաբաժանումը, որ կարող է կիրառվել կազմակերպության անդամ պետությունների սահմաններից դուրս, հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումն է (մոտ 3500 զինծառայող), սակայն այն այլ պետության տարածքում կիրառելու թույլտվություն պիտի տա ՄԱԿ անվտանգության խորհուրդը:

«Արդեն երկար տարիներ ՄԱԿ համապատասխան ստորաբաժանումների հետ ինտենսիվ աշխատելով՝ մենք նշում ենք մեր տարածքներից դուրս, մասնավորապես Աֆրիկայում, Ասիայում և որտեղ պետք է, մեր խաղաղապահների կիրառման հնարավորության մասին, - նշել է ՀԱՊԿ քարտուղարը,- ձեռքս սրտիս դնելով կասեմ, որ այլ հարց է, որ մենք առանձնապես ակտիվ չենք, որովհետև օրինակ ես կարծում եմ, որ մենք չպետք է մեր զինվորներին ուղարկենք Աֆրիկայում ինչ-որ տեղ երկու հակամարտող կողմերի միջև կենդանի պատ դառնալու: Այնտեղ կան սեփական խաղաղապահ ստորաբաժանումներ, Աֆրիկյան միությանը, ես կարծում եմ՝ նրանց համար այնտեղ ավելի հեշտ է, քան մեր ռուսաստանցի կամ ղազախստանցի կամ տաջիկստանցի տղաների համար»:

Ցանկացած դեպքում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը գործում են, դրանց կազմում են նաև օրինապահ մարմինների ներկայացուցիչներ, այդ ստորաբաժանումները պարբերաբար մարտական պատրաստության մարզումներ են անցնում, իսկ հաջորդ շաբաթ այս ուժերը մասնակցելու են Հայաստանում անցկացվող զորավարժությանը, ինչպես նշել է Բորդյուժան:

Օրերս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Դամասկոսում դեսպանատան ականանետային գնդակոծման մասին: Ըստ հայտարարության, ականն ընկել է դեսպանատան տարածքում սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամը 9-ին մոտ` վնաս չհասցնելով: ԱԳՆ անուղղակի կերպով դրա համար պատասխանատու է համարել «երեկվա հովանավորներին»: «Գնդակոծությունն իրականացվել է Ջոբար թաղամասի կողմից, որտեղ հակակառավարական գրոհայինների հենակետն է: Նրանք չեն դասվում ԻՊ կողմնակիցների շարքին, սակայն հովանավորներ ունեն դրսից, որոնք պատասխանատվություն են կրում ապօրինի զինված կազմավորումների վրա անհրաժեշտ ազդեցության առումով»:

Մինչդեռ Մոսկվան ու Թեհրանը հայտարարել են, որ մտադիր են միասին պայքարել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: