23 սեպտեմբերի 2015 - 12:37 AMT
Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջին առաջնությունը՝ Երևանում

Երևանում հոկտեմբերի 6-11-ը կանցկացվի Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջին առաջնությունը:

Այն կազմակերպվում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջարկությամբ:

Առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 22-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մրացաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ գործակցելով շախմատի ֆեդերացիայի և համապատասխան պետական կառույցների հետ, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդները զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն», - ասել է Աշոտյանը:

Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրի 30 թիմ: Հայաստանն առաջնությանը մասնակցելու է տղաների ու աղջիկների 3-ական թիմերով:

2013-ին Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է և որոշվել՝ առաջին մրացաշարն անցկացնել Հայաստանում:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երեք անգամ նվաճել է Օլիմպիադայի ոսկե մեդալները: Առաջին անգամ հայ շախմատիստները Օլիմպիադայում պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել 2006-ին Թուրինում, երկրորդ անգամ` 2008-ին, երրորդ անգամ` 2012-ին Ստամբուլում:

Հավաքականը 5 ամգամ դարձել էր աշխարհի առաջնության մեդալակիր. երեք անգամ նվաճել էր բրոնզե մեդալներ (1997, 2001, 2005թթ.), իսկ 201-ին դարձել էր աշխարհի չեմպիոն: