23 սեպտեմբերի 2015 - 13:19 AMT
Լիբանանի Զմմառի վանքի ձեռագրացուցակը տպագրման կհանձնվի 2016-ին

2016-ին կավարտվի «Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանի, հատոր Գ.» ծավալուն գրքի կազմումը, ձեռագրացուցակը տպագրության կհանձնվի: Այս մասին հայտնում է Մատենադարանի լրատվական ծառայությունը:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Լիբանանի Զմմառի վանքի միջև կնքված համաձայնագրի շրջանակում օգոստոսի 20-ից սեպտեմբերի 9-ը վանքում պահվող ձեռագրերի նկարագրման աշխատանքները սկսվել են նոր թափով:

Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի գլխավորությամբ Զմմառ են մեկնել Մատենադարանի աշխատակիցներ Տաթևիկ Մանուկյանը, Հասմիկ Իրիցյանը, Նոննա Սարգսյանը և Քնար Հարությունյանը:

Վանքում նախատեսվող աշխատանքները մեկնարկել են 2013-ի այցի ընթացքում նկարագրված ձեռագրերի թերի մնացած մասերի լրացմամբ, պարզվել հարցական մնացած բոլոր կետերը, նկարվել ձեռագրերի պակասող էջերը և լրացվել ու ամբողջացվել է նկարագրված բոլոր ձեռագրերի թվային պատճենները:

Այս աշխատանքների շնորհիվ Զմմառի վանքի 489 ձեռագրի (Հմր 683-1171) նախնական նկարագրությունները և թվային լիարժեք պատճենները պատրաստ են, ինչը ավելի քան բավարար նյութ է Զմմառի վանքի ձեռագրացուցակի մեկ ծավալուն հատոր կազմելու համար:

Կատարված աշխատանքները հնարավորություն են ընձեռում 2016-ի ընթացքում ավարտել «Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանի, հատոր Գ.» ծավալուն գրքի կազմումը և այն հանձնել տպագրման:

Զմմառում կազմակերպված այս աշխատանքները մեծապես նպաստելու են հայագիտության զարգացմանը, շնորհիվ որի վանքում պահվող ձեռագրերը աշխարհին կներկայանան նորովի՝ բովանդակային ամբողջ ճոխությամբ և հարստությամբ:

Բեյրութից 30 կիլոմետր հեռու գտնվող Զմմառի վանքում այսօր գրանցված ձեռագրերի ընդհանուր քանակը 2054 է. 682-ի նկարագրությունները հրապարակված են 1964 և 1971 թթ. հրատարակված երկու ստվար հատորով։ Հիմնական մասը 18-19-րդ դարերի ընթացքում Զմմառի միաբանների գրած ձեռագրերն են. աստվածաբանական, դավանաբանական, ծիսական ինքնուրույն և թարգմանական գործեր, դասագրքեր, քերականական և բառարանային երկեր։ Վանքն ունի նաև 300 միավոր արաբատառ՝ հիմնականում արաբերեն ձեռագիր։ Կան դեռևս չմշակված և չճանաչված մագաղաթե պատառիկներ, ձեռագրերի առանձին պրակներ և ուղղակի ամբողջական ձեռագրեր, որոնց մշակումից և գրանցումից հետո Զմմառի չնկարագրված հայերեն ձեռագրերի քանակը վստահաբար անցնելու է 1100-ը։

Զմմառի վանքը Հայաստանից դուրս գտնվող հայկական մշակութային խոշոր և նշանակալի կենտրոնների առաջին շարքում է՝ Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց, Վենետիկի Մխիթարյան և Վիեննայի վանքերի կողքին։ Վանքի «Արծիվյան» միաբանության անդամներն ամբողջ աշխարհից ավելի քան 270 տարի շարունակ հավաքել և խնամքով պահպանում են հայկական մշակութային տարատեսակ արժեքներ, որոնք այսօր աշխարհին նորովի ներկայցնելու կարիք ունեն: