24 սեպտեմբերի 2015 - 11:12 AMT
Ադրբեջանը կրկին գնդակոծել է Տավուշի սահմանամերձ գյուղերը

Ադրբեջանը կրկին գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Ինչպես գրում է «Առավոտը», սեպտեմբերի 23-ի երեկոյան գնդակոծության է ենթարկվել Դովեղ գյուղը: Զոհեր ու վիրավորներ չկան, սակայն գնդակոծության հետևանքով վնասվել է գյուղի գազատարի հատվածը, ինչի հետևանքով գյուղը մասամբ զրկվել է գազամատակարարումից:

«Ազատություն» ռադիոկայանը, իր հերթին, հայտնում է, որ գնդակոծվել է նաև Բարեկամավան գյուղը: Գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ վիրավորներ չկան, սակայն գյուղը նյութական վնասներ է կրել:

Սեպտեմբերի 1-ին գնդակոծության էին ենթարկվել Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, ինչպես նաև, Ոսկեվանի դպրոցի հարևանությամբ անցնող միջպետական ճանապարհի հատվածը: Դրանից հետո Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: