Շահագործված բջջայիններն «երկրորդ կյանք» կստանան. Դրանցից դպրոցականները ռոբոտներ կսարքեն

Շահագործված բջջայիններն «երկրորդ կյանք» կստանան. Դրանցից դպրոցականները ռոբոտներ կսարքեն

PanARMENIAN.Net - Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին սեպտեմբերի 24-ի ասուլիսին հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«ԱրմՌոբոտիքս»-ը նպատակ ունի զարգացնել ինժեներական մտածողությունը դպրոցականների շրջանում: Այն մեկնարկել է դեռևս 2008-ին և իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Հայաստանի և ԼՂՀ-ի 80 դպրոցում գործում են ռոբոտաշինության խմբակներ, որտեղ ներգրավված է մոտ 800 աշակերտ:

Նախաձեռնության շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հատուկ արկղեր են տեղադրվելու, որտեղ հաճախորդները կկարողանան թողնել ոչ պիտանի բջջային հեռախոսներ, որոնք կհանձնվեն «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներին:

«Վիճակագրության համաձայն՝ աշխարհում օգտագործվում է մոտ 3,5 միլիարդ բջջային հեռախոս: Համեմատության համար նշենք, որ այս թիվը գրեթե հավասար է մոլորակի բնակչության թվաքանակի կեսից ավելիին: Սակայն քչերը գիտեն, որ թափոնի վերածված հեռախոսները վնասարար երկարաժամկետ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բջջային հեռախոսի՝ թունանյութեր պարունակող մասերը, հատկապես սնուցման մարտկոցները, ոչ պատշաճ կերպով թափոնի վերածվելու դեպքում, ի վերջո հայտնվում են գետերում կամ հողի մեջ, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական խնդիրները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը քայլեր է ձեռնարկում՝ երիտասարդների շրջանում հեռախոսների առավել պատասխանատու գործածման և դրանցից անվտանգ կերպով ձերբազատվելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև թափոնի վերածված բջջային հեռախոսների վերամշակումն իրականացնելու նպատակով», - ասել է Յիրիկյանը:

ԻՏՁՄ փոխնտօրենն իր հերթին նշել է, էր յուրաքանչյուր երեխա, ով փոքր տարիքից հետաքրքրված է տեխնիկայով ու նորարարությամբ, սիրում է մինչև վերջին մասնիկն առանձնացնել ձեռքի տակ ընկած իրերը:

«Մեր այս համատեղ նախաձեռնության շնորհիվ՝ այսուհետ ռոբոտաշինության խմբակներում ընդգրկված աշակերտները կունենան բավարար քանակով դետալներ իրենց ուսումնասիրությունների և նոր գաղափարների իրագործման համար», - ասել է Չոբանյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 61%-ն ունի ավելի քան 6 հին բջջային հեռախոս: Նրանց մեծ մասն այժմ սմարթֆոն է օգտագործում և յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ այն փոխարինում է նոր մոդելով: Հարցումը ցույց է տվել նաև, որ մասնակիցների 55%-ն աղբն է նետում հին հեռախոսները կամ պահում է դրանք դարակում:

Ի դեպ, ռոբոտասերների համար կազմակերպվում է «RoboFest» փառատոն: «EcoRobot» մրցույթը փառատոնի մի մասն է կազմում, որի պահանջն է ստեղծել ռոբոտ` օգտագործելով տեխնիկական և կենցաղային թափոններ: Մրցույթի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա, ցույց տալ, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է ծառայել նաև բնապահպանությանը՝ վերամշակման միջոցով թափոնը վերածելով գեղեցիկ ու օգտակար իրերի:

«RoboFest»-ն 2015-ին անցկացվելու է հոկտեմբերի 2-ից 4-ը՝ «DigiTec Expo» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---