27 հոկտեմբերի 2006 - 14:40 AMT
Համաշխարհային բանկը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին 20 տարի ժամկետով
«Սոցիալական ներդրումների հիմնադրամ» երրորդ վարկային ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին: Այդ մասին հոկտեմբերի 27-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Նրա խոսքերով, վարկը կտրամադրվի Զարգացման միջազգային ասոցիացիայի առավել կոշտ պայմաններով` 20 տարի ժամկետով, որից առաջին 10 տարին համարվում են արտոնյալ մարման ժամկետ: Նա նշել է, որ ծրագրի ուղղվածությունը աջակցությունն է համայնքների մակարդակով: Բացի այդ, համայնքները պետք է քվեարկեն այն աշխատանքների օգտին, որոնց իրագործումն անհրաժեշտ են համարում, հաղորդել է նա: Ծրագիրն ընդգրկում է Հայաստանի մարզերի զգալի մասը, այս ծրագրի շրջանակներում միջոցներ կտրամադրվեն շուրջ 300 համայնքների, իսկ դա կազմում է հանրապետության համայնքների 1/3-ը: Ընդհանուր առմամբ, նշել է Ռոբինսոնը, ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ` աջակցություն համայնքային ներդրումներին երկրի ամենաաղքատ շրջաններում, փոքր մասշտաբի ենթածրագրերի միջոցով հիմնական սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքները վերականգնելու նապատակով, ինչպես նաեւ աջակցություն ինստիտուցիոնալ զարգացման, դիտարկման եւ գնահատման ֆունկցիաների կատարմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: