25 սեպտեմբերի 2015 - 10:40 AMT
Հակառակորդն ինտենսիվ խախտում է հրադադարը. Կրակում է նաև թուրքական կայանքից

Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 260 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: