25 սեպտեմբերի 2015 - 11:03 AMT
Անկարան կսատարի ԻՊ դեմ պայքարին` քրդերին դատապարտելու դիմաց

Թուրքիան պատրաստ է առանցքային դերակատարություն ստանձնել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում, սակայն փոխարենն ակնկալում է քուրդ ապստամբների դեմ դիմակայության ըմբռնում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունն Անկարայում բարձրաստիճան աղբյուրի վրա հղումով:

«Թուրքիան կկիսի իր փորձը արևմտյան առաջնորդների հետ` աջակցություն ակնկալելով, որպեսզի կարողանա դիմակայել Մերձավոր Արևելքն ահաբեկչություն արտահանող տարածաշրջանի վերածմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա տվյալների, այդ մասին պաշտոնական հայտարարություն պետք է անի երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ ԳՎ գագաթնաժողովում, որն անցնում է սեպտեմբերի 25-27-ը: Նա նաև զգուշացնելու է «որոշ երկրներին ու կազմակերպություններին ՔԱԿ-ին սատարելու անթույլատրելիության մասին» հանուն տարածաշրջանում կայունության պահպանման, հայտնում է Լենտա.ռու-ն:

ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին է դասում ՔԱԿ-ին, սակայն քուրդ զինյալները Սիրիայում Վաշինգտոնի կարևոր դաշնակիցն են ԻՊ դեմ պայքարում: Այս տեղեկատվությունը հերթական անգամ հաստատել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրոչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ:

ԱՄՆ-ն օգտագործում է թուրքական օդանավակայաններն ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմավորման դիրքերը ռմբակոծելու համար, մինչդեռ Անկարան հիմնականում հարվածներ է հասցնում ՔԱԿ դիրքերին Իրաքի հյուսիսում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական պետության» գրոհից հետո Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Photo. RIA Novosti